Կառավարությունը գունագեղ միջոցառման կազմակերպումը դրել է մասնավոր ընկերության վրա, փողը հենց նա էլ պիտի ծախսի: Գիտե՞ք՝ ինչու: Որ կոռուպցիա չլինի: Վարչապետը շատ է վախենում կոռուպցիայից:
Իսկ ո՞ր ընկերությունն է գունագեղ դարձնելու մեր Անկախության օրը՝ «Դոմինո փրոդաքշընը»: Սա այն ընկերությունն է, որը նախընտրական շրջանում արտադրեց ՔՊ-ի քարոզչական հոլովակները: Այսինքն՝ կոռուպցիա չունենալու համար մրցույթ չես անում, թե ով ավելի լավ կանի գունագեղ միջոցառումը, դե ֆինանսական հնարավորություններ էլ չես հարցնում, որովհետեւ փողը դու չես տալիս, «Դոմինո փրոդաքշընը» ինքն է կատարում իր ծախսերը։
Այս ընկերության հիմնադիրը հայտարարել է. «Անկախության 30-ամյակի միջոցառումը չի իրականացվում պետական միջոցների հաշվին, այլ բացառապես մասնավոր ընկերությունների հովանավորության շնորհիվ»:
Հարց է ծագում՝ ինչո՞ւ պետք է մասնավոր ընկերությունները փողեր ծախսեն պետական կարեւորության միջոցառման վրա, ո՞րն է նրանց շահը: «Դոմինո փրոդաքշընի» հիմնադիր Աշոտ Առաքելյանն այս հարցին չի պատասխանում: Իսկ պատասխանը պարզ է՝ բոլոր փողերը նրանք կստանան հետո, որեւէ այլ տենդերի տեսքով։ Ալեն Սիմոնյանը դրա մասին անձամբ կհոգա։
Հիմա կոռուպցիան զարգանալու է «տարածական մոնտաժի» մեթոդով։ Այսինքն՝ դու էսօր գործը կանես, վաղը քեզ էլի կապահովենք փողերով։ Աննկատ։ Կարեւորը, որ այսօր հանրությանն ասենք, թե պետությունը ոչ մի լումա չի ծախսել։ Արանքում ոչ մեկը գլխի չի ընկնի, թե հատկապես ինչու դու շահեցիր այս կամ այն տենդերը։
Իսկ «Դոմինո փրոդաքշըն»-ը խաբեության փորձ ունի, ընկերնե՛ր։ Նրան նույնիսկ 2013-ին ՏՄՊՊՀ-ն տուգանել է ուրիշի կատարած աշխատանքներն իրեն վերագրելու համար։ Կարճ ասած՝ Աշոտ Առաքելյանը մոլորեցրել է սպառողներին։ Այլ խոսքով՝ մարդը մոլորեցնելու փորձ ունի։ Ութ տարվա այսպիսի հեղինակությամբ կազմակերպությունն այսօր իր աստեղային ժամերն է ապրում։ Նա պատերազմի հետեւանքներից խելքի չեկած Հայաստանին մեկ օրով ապահովելու է գույներով, բացառապես իր հաշվին։ Բայց այս ամենի մասին ավելի հանգամանալից կարող է խոսել ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը, որն Աշոտ Առաքելյանի մտերիմն է ու Փաշինյանի ականջին անձամբ է շշնջացել, թե «գործը մաքուրով անող կա»։
Ընդհանրապես այս ամենին նույնիսկ ծանոթ-բարեկամի շրջանակներում նայել պետք չէ, սա ավելի մեծ մի խայտառակության պտուտակն է։ Խոսքը հաշվետվողականության մասին է, այս իշխանությունը զահլա չունի հաշվետու լինելու։ Տեսեք, թե ինչ է տեղի ունենում «Ֆիզգորոդոկ»-ում։ Իշխանությունը նախկիններին բնորոշ ամբողջ անբարոյականությամբ «հանրային շահի» շրջանակներում անում է նույն հանցագործությունը բնության դեմ եւ իր ծրագրից մտադիր չէ շեղվել։ Ինչո՞ւ։ Որովհետեւ չեն ուզում 20 տարի առաջ իրականացված ապօրինությունը կասեցնել։ Միայն մի պատճառով, ընկերնե՛ր, միայն մի պատճառով. Հայաստանն այնպիսի խնդիրների առաջ է կանգնած, որ այսօրվա հանրապետական նշանակության որեւէ ապօրինություն վաղը գրոշի արժեք չի ունենա ու չի հիշատակվի։
Ահա Նիկոլ Փաշինյանի ամբողջ խաղադրույքը։
Ի՜նչ «Դոմինո փրոդաքշըն», ի՜նչ «Ֆիզգորոդոկ», ի՜նչ կոռուպցիա կամ կոռուպցիայի բացակայություն, վաղը արդեն անկախություն ունենալ-չունենալու թեմա ենք քննարկելու։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: