ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին Մոսկվայում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպմանը հանդես է եկել Թուրքիայի եւ ԱՄՆ-ի վերաբերյալ անուղղակի ակնարկով:
ՌԴ նախագահը, նկատի ունենալով Սիրիայում Թուրքիայի եւ ԱՄՆ-ի ներկայությունը, նշել է, որ Սիրիայում պահպանվում են ահաբեկչության օջախներ, որոնք ճնշում են գործադրում խաղաղ բնակիչների վրա:
Պուտինը Սիրիայի գլխավոր խնդիրը համարել է առանց ՄԱԿ-ի եւ սիրիական իշխանությունների թույլտվության այնտեղ օտարերկրյա ներկայության պահպանումը: Նրա կարծիքով դա «հնարավորություն չի տալիս առավելագույն ջանքեր գործադրելու երկրի համախմբման համար եւ նրա վերականգնման ճանապարհին այնպիսի տեմպերով շարժվելու համար, որոնք հնարավոր կլինեին, եթե ամբողջ տարածքը վերահսկվեր օրինական կառավարության կողմից»:
Սիրիայի մի հատվածը դեռեւս կառավարության ուժերի վերահսկողությունից դուրս է: Սիրիայի հյուսիսում եւ հյուսիս-արեւելքում տեղակայված են թուրքական ուժեր, իսկ երկրի արեւելքում ու հյուսիս-արեւելքում՝ սիրիացի քրդերի վերահսկողության տակ գտնվող հատվածում, Միացյալ Նահանգների զորքերն են: