ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակում է հավատարիմ մնալ ԼՂ հակամարտության տեւական եւ քաղաքական կարգավորմանը՝ համոզված լինելով, որ միայն հիմնախնդրի համապարփակ լուծումը կարող է կարգավորել Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները: Ըստ «Արմենպրես»-ի՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն այսպես է արձագանքել Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության վարչության պետ Լեյլա Աբդուլաեւայի՝ նախօրեին արված հայտարարությանը:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հորդորել է այդ նպատակին հասնելու համար Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորինս շուտ վերադառնան բովանդակային քննարկումների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:
«Միայն բոլոր չլուծված խնդիրներին անդրադարձող համապարփակ լուծումը կարող է կարգավորել երկու երկրների միջեւ հարաբերությունները եւ տարածաշրջանի բնակիչներին թույլ տալ միասին ապրել խաղաղ պայմաններում»,- ընդգծված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության պատասխանում:
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաեւան «անընդունելի է» անվանել Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիի՝ սեպտեմբերի 11-ի հայտարարությունը, թե Միացյալ Նահանգները լուծված չի համարում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:
«Այդ տարածքները («Արեւելյան Զանգեզուրը եւ Ղարաբաղը») Ադրբեջանի անքակտելի մասն են, եւ որեւէ կարգավիճակի մասին հարց չի կարող լինել»,- հայտարարել էր Աբդուլաեւան՝ հավելելով, թե ամերիկյան կողմի նման հայտարարությունները «խաթարում են» ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա գործունեության ապագան:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Թրեյսին նշել էր, որ 30 տարվա պատերազմի եւ լարվածության իրավիճակը չի կարող հանգուցալուծվել մեկ գիշերվա ընթացքում: Դեսպանը հավելել էր, որ այդուհանդերձ, ԱՄՆ-ում հասկանում են, որ կան լուծելու ենթակա որոշ հիմնախնդիրներ: Դեսպանը հիշեցրել էր, որ դրանցից մեկն էլ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է, որ ԱՄՆ-ը որոշված չի համարում եւ հետեւաբար շարունակելու է պահել այդ հարցը Մինսկի խմբի օրակարգում: