Սյունիքի մարզպետարանից հայտնել են, որ մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ փոխդեսպան Չիպ Լեյթինենին: ԱՄՆ փոխդեսպանին ուղեկցել են դեսպանատան ռազմական կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսը եւ քաղաքական ու տնտեսական գրասենյակի ղեկավարը, որոնք նույնպես նոր են նշանակվել: Քննարկվել են անվտանգությանը, ճանապարհներին ու երթեւեկությանը, տնտեսական եւ այլ խնդիրներին առնչվող հարցեր:
Փոխդեսպան Լեյթինենն ընդգծել է, որ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիի ցանկությամբ են Հայաստանում իրենց առաջին այցը սկսել Սյունիքից՝ կարեւորելով դեսպանատան աշխատանքի տեսանկյունից այս մարզի առաջնահերթություն լինելը:
ԱՄՆ փոխդեսպանը ցանկություն է հայտնել տեղում ծանոթանալու կացությանն ու հասկանալու՝ ինչպես կարող են շարունակել աջակցել ժողովրդավարական ու տնտեսական զարգացումներին, ինչպես նաեւ տեղեկանալ անվտանգային խնդիրների մասին:
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը փոխդեսպանին է ներկայացրել հետպատերազմյան շրջանում մարզում ստեղծված իրավիճակը, մարզի ղեկավարության ու բնակչության մտահոգությունները, սահմանային նոր վիճակով պայմանավորված խնդիրները։