«Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական.
Ու չըլլայ որ ուրիշներու կոծն ու կական
Խեղդել ուզեմ ջրվէժին մէջ դափիս ձայնին»:
Միսաք Մեծարենց
Մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքի ներկայացուցիչներն ասես խմբակային որոշում են ընդունել՝ անել բոլոր հնարավոր անընդունելի քայլերը, խոսել բոլոր հնարավոր մերժելի բառերով։
Հերթական գլուխգործոց մեկնաբանությունը պատգամավորներից մեկի խոսքն էր այն մասին, թե «ինքն անձնական կյանքի եւ այդ կյանքը չմեկնաբանելու իրավունք ունի»։ Իսկ մեկնաբանության/չմեկնաբանելու առիթը իր ու ԱԺ նախագահի ուրախ ժամանցի/պարի կադրերն էին ինչ-որ հեռուներում՝ ծովի ափին (նկատենք՝ ոչ «ծովից ծով Հայաստանի» ափերին)։
Մարդկային բարոյականության տեսանկյունից ի՞նչ ուղերձ են պարունակում այս դրվագները, իսկ հանրային գործչի վարքականոնների դիտանկյունի՞ց։ Ի՞նչ ասել է «անձնական կյանք» հետպատերազմական, չէ՛, ավելի ճիշտ՝ պատերազմական դրության մեջ գտնվող երկրի խորհրդարանի պատգամավորների համար։
Իսկ դուք չե՞ք ուրախանում՝ գուցե հակադարձեն։
Ուրախանում ենք։ Իհարկե ուրախանում ենք, երբ գեթ մի քանի ժամ լրահոսում «լուր» չի լինում նոր զոհերի, ինքնասպանությունների, պատերազմից գրեթե մեկ տարի անց հայտնաբերվող աճյունների կամ մասունքների մասին։ Մի պահ անգամ թվում է՝ կյանքն ուր որ է բնական հունի մեջ կմտնի։ Բայց պահն այդ երկար չի տեւում, ցավոք։
Ուրախանում ենք, երբ ի հեճուկս բզկտված սահմանների ու երերուն բնագծերի՝ տեսնում ենք, որ կյանքն այս ու այն կողմում շարունակվում է, երիտասարդները՝ շատերը պատերազմով անցած ու մի պատերազմ ավելի հասունացած, որոշում են սերով ու սիրով հաղթահարել իրենց բաժին հասած օրերը եւ ընտանիք են կազմում։
Ուրախանում ենք, երբ տեսնում ենք, որ սահմանապահ գյուղերում մեկը շարունակում է հող մշակել ու բերք ստանալ։
Պարում էլ ենք, որ ուրախությունը կիսենք այն տղաների, որոնք ճիշտ տարեկիցն են նրանց, որսնց մասին լուրերում հայտնվում է «ՊՆ-ն կիսում է կորստյան ցավը» սեւ-ժապավեն նախադասությունը։
Զուգահեռ՝ ինքնակամ մեզ զրկում ենք նեղ անձնական բազում ուրախություններ ապրելուց, առավել եւս հանրայնացնելուց։ Որովհետեւ, օրինակ՝ «տղես» ասել չի ստացվում առանց մեղքի զգացման բոլոր էն մայրերի հանդեպ, որոնք այդ բառն այլեւս առանց արցունքի չեն արտաբերում։
Որովհետեւ նկարը «հայրիկի հետ» մակագրելը դարձել է անասելի մի ճոխություն, ինչը միշտ չես համարձակվում քեզ թույլ տալ։
Որովհետեւ սիրելի ունենալն ու նրան ողջ-առողջ տեսնելը երջանիկ պատահականություն է դարձել։
Բայցեւայնպես մեր՝ հասարակ մահկանացուներիս անձնական կյանքի եւ ուրախության իրավունքն ի՞նչ կապ ունի հանրային-քաղաքական այնպիսի դեմքերի հետ, որոնք ոչ միայն սեփական օրինակով պիտի ապրումակցման ու հանրային համերաշխության բացառիկ օրինակներ լինեին, այլեւ պիտի պատասխանատվություն զգային ստեղծված իրավիճակի համար։
Չգիտեմ․ գուցե սա «բոլորս հավասար ենք» սկզբունքի նրանց նեղ անձնական ընկալո՞ւմն է։ Եվ կամ գուցե Աղասի Այվազյանի նկարագրությամբ «տարածության» դրսեւորո՞ւմ․ մարդն ասում էր, չէ՞՝ «Եվ ինչքան իշխանավորը բարձր էր, այնքան տարածությունը մեծանում էր: Եվ ոչ միայն պաշտոններն են տարածություն ստեղծում: Այլ նաեւ տարածությունն է պաշտոն ու նման բաներ ստեղծում»:
Մեր հասարակության կոլեկտիվ սթրեսի ու պաշտոնյաների անձնական կյանքի միջեւ ստեղծված տարածությունը սպառնում է ջնջել մարդկային ու բարոյական ամեն սահման․ գահավիժումը ցավոտ է լինելու։
Արեւելագետ-հետազոտողի իմ մասնագիտությունը հուշում է, որ հարեւաններին պետք է ընդունել ոչ միայն իբրեւ ճակատագիր, այլեւ քաղաքական, սոցիալական ու մշակութային երեւույթ, որը պետք է ճանաչել ու հասկանալ։