2007 թվականից ՄԱԿ-ը սեպտեմբերի 15-ը հռչակել է Ժողովրդավարության միջազգային օր: Այն երկրներին եւ միջազգային կառույցներին եւս մեկ անգամ հնարավորութուն է տալիս վերանայելու ժողովրդավարության ասօրվա վիճակն աշխարհում ու անցած ճանապարհը: «Հայաստանն այդ առումով բարդ ճանապարհ է անցել»,- ասում է փիլիսոփայական գիտությունների թեկնածու Աշոտ Ոսկանյանը:
1991 թվականի սեպտեմբերի 21-ին համաժողովրդական քվեարկության դրված «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն ԽՍՀՄ-ի կազմից դուրս» հարցը եւ այնտեղ ներառված «ժողովրդավարական» բառը, ըստ Աշոտ Ոսկանյանի, շատ բնական էր այն ժամանակ:
«Բացարձակ ակնհայտ է, որ այն ժամանակ մենք ենթադրում էինք, թե մեր անկախ պետությունը պետք է լինի ժողովրդավարական: Այն ժամանակ խոսքը գնում էր Խորհրդային Միությունից հետո ձեւավորվող պետության մասին, եւ ավտորիտար երկրում (անկախ նրա դրական եւ բացասական կողմերից) ապրելուց հետո ժողովրդավարությունը մեզ, բնականաբար, շատ պարզ եւ հասկանալի կոնցեպտ էր թվում: Ուզում էինք ապրել ժողովրդավարական երկրում, եւ այդ ժողովրդավարությունն այն ժամանակ ընկալվում էր մոտավորապես այնպիսին, ինչպիսին Արեւմուտքում: Այն ժամանակ մեզ գուցե հաշիվ չէինք տալիս, թե «ժողովրդավարություն» բառի տակ ով ինչ ասես կարող է հասկանալ: Ու իսկապես այդ ընկալումները հետո բարդացան. ընկալումների մեջ ե՛ւ պոպուլիզմ կա, ե՛ւ այսպես կոչված ուղիղ ժողովրդավարություն կա, ե՛ւ կարող է լինել ինստիտուցիոնալ ժողովրդավարություն»:
Հանրաքվեի թերթիկում «ժողովրդավարություն» բառն էր, իսկ Աշոտ Ոսկանյանը պնդել է (այդ տարիներին լինելով ՀՀ Սահմանադրական հանձնաժողովի անդամ), որ Սահմանադրության առաջին հոդվածում մեր երկրի սահմանադրաիրավական բնութագրի մեջ անպայման տեղ գտնի նաեւ «սոցիալական պետություն» արտահայտությունը:
«Եվ իսկապես դա ամրագրվել է: Իհարկե, գուցե առանձնապես ուշադրություն չեն դարձնում, բայց այն կա, եւ այդ բնութագրումները՝ ինքնիշխան, անկախ, ժողովրդավարական, սոցիալական, այն ժամանակ պարզ բաներ էին… Այսօր արդեն մեր փորձառությունը ստիպում է շատ բաների լուրջ վերաբերվել։ Մեր փորձառությունից ելնելով՝ հասկացել ենք, որ ժողովրդավարությունը շատ ավելի բարդ է, քան այն ժամանակ մեզ թվում էր: Դա էլ բնական է, որովհետեւ այն ժամանակ մեր պատկերացումներն ավելի շատ վերացական էին, իսկ հիմա արդեն հենվում ենք անցած ճանապարհի վրա»:
Անցնող երեսուն տարին, ըստ «Ալիք Մեդիա»-ի զրուցակցի, ի հայտ բերեց մարդկանց տարբեր պատկերացումները. շատերը հասկացան, որ հայ ժողովրդի անցած ճանապարհն, այսպես ասած, Արեւմուտքի ճանապարհ չէ: «Դա մի բարդ ճանապարհ է՝ ասիական, տոտալիտար կայսրությունների միջով անցած, եւ այդ յուրահատուկ կյանքն ապրելով՝ ասել, թե մենք պատրաստ ենք արեւմտյան տիպի ժողովրդավարության, սխալ կլինի: Մանավանդ որ կա նաեւ հարցի մյուս կողմը, այն, որ արեւմտյան ժողովրդավարությունն էլ շատ ժամանակ ցույց է տալիս իր սահմանները, իր բարդություններն ու դժվարությունները: Եվ մարդիկ, որոնք առանձնապես հակված չեն այդ ճանապարհով գնալու, ասում են, ա՛յ, տեսե՛ք՝ այնտեղ ինչ է կատարվում: Այս տեսանկյունն էլ կա, այնպես որ այս ամենը բարդ է: Բարդ է, բայց ինձ համար միանշանակ է, որ սա այն թեման չէ, որը պետք է կասկածի տակ դնել: Ժողովրդավարությունն այն ճանապարհներից է, որով պետք է գնա Հայաստանը»:
Հայաստանին այդ ճանապարհով գնալու համար, ըստ Աշոտ Ոսկանյանի, շատ կարեւոր մի բան է պետք՝ հանձնառություն:
«Երբ մենք խոսում ենք ինքնության մասին, ապա պետք է նկատի ունենալ, որ ինքնությունը նաեւ հանձնառություն է: Ինքնությունն այն է, երբ որ դու ասում ես՝ ես ուզում եմ այսպիսին լինել, ես հանձն եմ առնում իմ այսպիսին լինելը, ես ուզում եմ դուք դիտարկեք ինձ իբրեւ այսպիսին: Հիմա եթե Հայաստանը հանձնառություն ունի, ուզում է հանձն առնել լինելու ժողովրդավարական երկիր, ուրեմն, իհարկե, կարող է դա ասել եւ գնալ այդ ճանապարհով»:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։