Վե՛րջ, էլ կանգնեցնել չկա, մի կողմից Պուտինի հետ հավերժ միասին ենք, մյուս կողմից էլ Երեւանի քաղաքապետարանը որոշել է, որ Նեմեսիսի վրիժառուներին հուշարձան պետք է կանգնեցնի: Հայաստանին ազգ պետք չէ՞, թե՞ ազգին Հայաստան պետք չէ:
Երեւանի ավագանին երեկ միաձայն որոշել է մայրաքաղաքի կենտրոնում տեղադրել երիտթուրքերի պարագլուխներին պատժած «Նեմեսիս» հատուկ գործողության մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձան: Հետաքրքիր է՝ այս իշխանությունը չի ուզո՞ւմ կողմնորոշվել՝ մեզ Թուրքիայի հետ հարաբերություններ պե՞տք են, թե՞ ոչ:
Մի քանի օր առաջ Փաշինյանն ինքն էր ասում, որ դրական ազդակներ կան Թուրքիայից: Տղե՛րք, էդ ազդակները դրե՛ք մի կողմ ու պատերա՛զմ հայտարարեք թուրքերին: Ասում եմ ձեզ՝ ոչ մի բարեկամություն թուրքերի հետ, գնում ենք, մտնում ենք, փրթում ենք։ Հեշտ է ասել, չէ՞։ Ի՞նչ խնդիր, գնանք ազգովի կռվենք:
Բայց մի փոքրիկ խնդիր կա՝ էս արձանը ո՞ր ճշտի համար է կանգնեցվում, մարդիկ ժամանակին իրենց վրեժը լուծել են, կոնկրետ մեղավոր թուրքերն իրենց արածի պատասխանը ստացել են: Հիմա էն մարդիկ ինչ-որ բա՞ն են ասել մեր վրիժառուներին: Ո՛չ: Չեն էլ հիշում, որ նման բան է եղել: Էդ մարդիկ ասում են՝ տղե՛րք, եկեք հարաբերվենք: Մենք դեռ ոչինչ չենք փորձել, մենք դեռ ձեռք չենք սեղմել, արդեն ուզում ենք կտրել այն։ Լավ, ասենք թե թուրքի ձեռքը սեղմել պետք չէ, բայց ինչո՞ւ եք բզբզում մեղվի փեթակը։ Ի՞նչ ուղերձ է տալու «Նեմեսիս»-ի տղաների հուշարձանը։ Ցեղասպանության զոհերի հուշարձանը հասկանալի է, այն թուրքերի դեմ չէ, այն զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր է, որի «հեղինակը» թուրքերն են։
Ինչո՞ւ եք պարտվածի ձեր բարդույթները շարում քարերին, գնացե՛ք եւ Հայկ Մարությանի գլխավորությամբ խփե՛ք բոլոր թուրքերին։ Այդ հուշարձանը կանգնելու է որպես ամայության հուշարձան՝ մեր ներքին ամայության։
Մենք ապրելու խորհուրդ չունենք պատերազմից հետո եւ ահա առաջարկում ենք փառաբանել վրիժառությունը, որն իր գործն արել է պատմության ուրույն ժամանակահատվածում։
Հուշարձանները կարող են շարունակել կամ լրացնել քո կռիվը, եթե խնդիրդ ապրելու կամքն է, եթե քեզ պիտի հիշեցնեն, թե ասելիքդ որտեղից է գալիս եւ ուր է տանում։ Բայց դու դեռ ոչինչ չես ասել, քո վրիժառուները եղել են ազգային, բայց ոչ պետական։ Եթե պետությունը ստորագրում է վրիժառության այդ հուշարձանի տակ, նա պետք է կոչվի Մահապարտների եղբայրություն։ Որովհետեւ այդ պահից դիմացինը պիտի իմանա՝ հայերին ի՞նչ պատահեց։
Հուշարձանները ներկայացնում են ոչ միայն պատմությունը, նրանք ներկայացնում են ապագան։ Մենք, որ խոսում ենք հայ-թուրքական հնարավոր երկխոսության մասին, այն ապագայից դո՞ւրս ենք պատկերացնում, մենք երկխոսելու ենք առանց ապագայի՞։
Մեկն ասում է՝ ապագա կա, մյուսն անմիջապես գերեզմանաքար է դնում այդ ապագայի վրա։ Մեկն ասում է՝ հայ-թուրքական հարաբերություններին այլընտրանք չկա, մյուսն ասում է՝ Սեւրի պայմանագիր։
Լրիվ ամայության սպառողների վարքագիծ․․․
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: