Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չէ, եւ այն Մինսկի խմբի օրակարգում է՝ վերահաստատելով Միացյալ Նահանգների դիրքորոշումը: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այս հայտարարությունն արել է այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում «Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջնահերթությունները» թեմայով համաժողովից հետո։
Գորիս-Կապան ավտոճանապարհին Ադրբեջանի կողմից իրանական պետհամարանիշներով բեռնատարների փաստաթղթերի ստուգումներին անդրադառնալով՝ Լին Թրեյսին շեշտել է, որ ծագող լարվածությունները լուծելու համար խնդրի համապարփակ լուծման անհրաժեշտություն կա։
«Այն, ինչ տեսնում ենք Սյունիքի մարզում, մասնավորապես Գորիս-Կապան ճանապարհին, հաստատում է մեր շեշտադրումը, որ նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունից հետո համապարփակ լուծման անհրաժեշտություն կա, եւ որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է կարողանան հասնել երկարատեւ խաղաղության»,- ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը:
«Ուզում եմ ընդգծել եւ արդեն մի քանի անգամ ասել եմ, որ մենք չենք համարում, թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված է։ Մենք համապարփակ լուծման անհրաժեշտություն ենք տեսնում, որի համար պետք է ընթանան բանակցություններ, եւ դա շատ կարեւոր ճանապարհ է՝ լուծելու ծագող տարբեր լարվածությունները, որ հատկապես տեսնում ենք սահմանամերձ շրջաններում։ Մինսկի խմբի օրակարգում մնում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, սա է ամերիկյան կողմի դիրքորոշումը»,- շեշտել է Լին Թրեյսին։