ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի հրամանով ժամանակավորապես արգելվել է 7 երկրից խոզի մսի ներմուծումը՝ խոզերի աֆրիկյան ժանտախտ հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով:
Սեպտեմբերի 17-ից Ռումինիայից, Մոլդովայի Հանրապետությունից, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից, Լատվիայի Հանրապետությունից, Լեհաստանից, Հունգարիայից եւ Բուլղարիայի Հանրապետությունից կենդանի խոզերի, նրանց գենետիկական նյութերի, խոզի մսի եւ այլ սննդային մսային հումքի, վայրի խոզի մսի, բաղադրության մեջ խոզի միս պարունակող պատրաստի արտադրանքների, եղջյուրակճղակային, կաշվե, աղիքային հումքի, խոզաստեւի, որսորդական հաղթանշանների, խոզերի կերակրման համար բոլոր տեսակի կերերի եւ լրացակերերի (բացառությամբ սինթետիկ եւ քիմիական նյութեր պարունակող լրացակերերի) ներկրումը կդադարեցվի:
Սահմանափակման համար հիմք է ծառայել նշված երկրներում արձանագրված խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) պաշտոնական կայքում հրապարակված տեղեկությունը: