ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը հայտնել է, որ Հայաստանը մտադիր է Վրաստանի տարածքով նոր համացանցային մալուխ անցկացնել։
Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ նախարարը պարզաբանել է, որ նման որոշման համար հիմք է ծառայել ո՛չ միայն տեղեկատվական անվտանգության խնդիրը։ Կարեւորվել է նաեւ հանգամանքը, որ Բուլղարիայից Վրաստան եկող մալուխը սպասարկող Caucasus Online ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը (51%) վաճառվել էր ադրբեջանական Nexol Holding ընկերությանը:
Հայաստանի ինտերնետ թրաֆիկի շուրջ 80 տոկոսն անցնում է Վրաստանի տարածքով
«Օպերատորների մեջ կա նաեւ ադրբեջանական կողմ։ Մենք պատերազմի ժամանակ որոշակի խնդիր ունեցանք։ Մենք սա գիտենք եւ արդեն հետաքրքրվել ենք, որ հնարավորություն կա նոր մալուխ անցկացնելու` Սեւ ծովի հատակով դեպի Վրաստան ու Հայաստան»,- շեշտել է Խաչատրյանը։
Վահագն Խաչատրյանը վստահեցրել է, որ նոր մալուխն արդեն զերծ կլինի ադրբեջանական ցանկացած միջամտությունից եւ կունենա առանձին, անկախ օպերատոր, ընդ որում՝ չի բացառվում, որ օպերատորը լինի հայկական ընկերություն։
Խաչատրյանը բացատրել է՝ նայած թե վրացական կողմը ինչ ձեւով կկամենա մասնակցել։ Նա նշել է, որ Վրաստանի հետ դեռեւս չեն բանակցել, բայց ցանկության դեպքում հնարավոր է համատեղ իրականացնել օպերատորական կառավարման աշխատանքը։
Մասամբ սեփական միջոցներով, մասամբ ԵՄ աջակցությամբ
Նախարարը նշել է, որ հանուն տեղեկատվական անվտանգության ապահովման ՀՀ Կառավարությունը չի խուսափում նախագիծը սեփական միջոցներով իրականացնելուց, բայց չի բացառվում, որ այդ նպատակի համար կօգտագործվի Եվրոպական միության կողմից առաջիկա 5 տարիների համար Հայաստանին հատկացվելիք 2.6 միլիարդ եվրո աջակցությունը։
«Այդ հարցը կքննարկենք ԵՄ-ի հետ, որովհետեւ դա Արեւելյան գործընկերության տրամաբանության մեջ է։ Այսինքն` Եվրոպան, Հայաստանը, Վրաստանը ստանում են անկախ ինտերնետային մալուխ, որը կապահովի մեր անվտանգությունը»,- ընդգծել է նախարարը։
Պատերազմը, թոշակառու կնոջ բիզնեսն ու ՀՀ կապի անվտանգությունը
Արցախյան վերջին պատերազմի օրերին Հայաստանի համացանցային կապն ապահովող մալուխը մի քանի անգամ վնասվել էր։
Հայտնի է, որ առաջին վնասվածքը հայտնաբերվել է սեպտեմբերի 28-ին Վրաստանի Մառնեուլի շրջանի Սադախլո գյուղում։ Վրացական կողմի պարազաբանմամբ` մալուխն ապահովում է այդ շրջանի ինտերնետային կապն ու Հայաստանի ինտերնետ թրաֆիկը։
Մեկ այլ միջադեպ էլ գրանցվել է դրանից երկու օր անց վրացական Օրոզմանի շրջանում։ Այստեղ անհայտ անձը փորել էր հողը եւ վնասել Եվրոպայից Ասիա եկող Փոթի-Թբիլիսի-Բոլնիսի-Դմանիսի-Հայաստան կապն ապահովող օպտիկամանրաթելային մալուխը։
Հայաստանի ինտերնետ մալուխը Վրաստանում տարօրինակ հանգամանքներում վնասվել էր նաեւ 2011-ին, երբ, ըստ վրացական կողմի, այն վնասել էր մի տարեց կին իր այգու հողը փորելու ժամանակ։ Թոշակառուն ձերբակալվել էր ու խոստովանել, որ դա արել է պղինձը վաճառելու նպատակով։