Միացյալ Նահանգների զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մարկ Միլին նախկին նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման վերջին շաբաթներին առնվազն երկու անգամ քաղաքական ղեկավարությունից գաղտնի զանգահարել է Չինաստանի իր գործընկերոջը՝ հավաստիացնելու, որ Վաշինգտոնը մտադրություն չունի հարձակում գործելու Պեկինի դեմ:
Ըստ ԱՄՆ-ում հայտնի լրագրողներ Բոբ Վուդվարդի եւ Ռոբերտ Կոստայի հեղինակած «Վտանգ» գրքի՝ Միլին մտահոգված է եղել Թրամփի հնարավոր գործողություններով եւ անցած տարվա նախագահական ընտրություններից չորս օր առաջ ու այս տարվա հունվարի 8-ին՝ Թրամփի կողմնակիցների՝ Կապիտոլիումը գրոհելուց երկու օր անց, նա գաղտնի զանգել է Չինաստան՝ վստահեցնելու, որ ամերիկյան կառավարությունը կայուն է։
Նախկին նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է հրապարակմանը՝ նշելով, որ Չինաստանի դեմ հարձակվելու որեւէ մտադրություն չի ունեցել: Ամերիկյան հնարավոր հարձակման մասին Պեկինին նախազգուշացնելը Թրամփը դավաճանություն է որակել։