«Աշխարհն արագ թափով զարգանում է, գյուղատնտեսությունն էլ թեւակոխում է տեխնոլոգիական զարգացման դարաշրջան։ Այս ոլորտում արդեն օգտագործում ենք արհեստական բանականություն, սենսորներ, դրոններ եւ այլն»,- ասում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) ռեկտոր Վարդան Ուռուտյանը։
Տարեկան շուրջ 100 հազար հեկտար վարելահող տարբեր պատճառներով վերանում է, մինչդեռ նորագույն տեխնոլոգիաները նվազեցնում են վնասները, օգնում համեմատաբար քիչ ծախսով շատ եկամուտ ստանալ։ Ագրարային համալսարանն այս ուղղության մասնագետներ է պատրաստում արդեն։ Նախատեսվում է մի քանի մասնագետների գործուղել գյուղատնտեսական թռչող սարքի կառավարման համապատասխան դասընթացի։ Համալսարանում բացվել է «Ճշգրիտ գյուղատնտեսություն» մագիստրոսական ծրագիրը, այն ներդրվելու է նաեւ բակալավրիատում։
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող եւ Ավստրիական զարգացման համագործակցության կողմից համաֆինանսավորվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU-GAIA) ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ին հատկացվել է DJI ընկերության արտադրած անօդաչու թռչող երկու սարք։
Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում՝ Ուսուցման կանաչ կենտրոնի (Green training center) տարածքում, կազմակերպվել էր սարքի ցուցադրությունը։ Նախաձեռնողը EU-GAIA ծրագիրն էր՝ «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպության «Կանաչ շաբաթ» միջոցառումների շրջանակում։ Ցուցադրությանը ներկա էին հիմնականում ՀԱԱՀ-ի ուսանողներ եւ ագրո-տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչներ։
Գյուղատնտեսության մեջ օգտագործվող այս անօդաչու թռչող սարքը համարվում է կանաչ տեխնոլոգիա։ «Կանաչ տեխնոլոգիան մեզ ծանոթ եւ անծանոթ ավանդական եւ նորարարական տեխնոլոգիաների համադրությունն է։ Օրինակ՝ կաթիլային ոռոգման համակարգը գրեթե բոլորին ծանոթ է, բայց դրան կարելի է ավելացնել սենսորներ, որոնք կորոշեն հողի խոնավությունը։ Նպատակը առողջ բույս, առողջ բերք եւ առողջ շրջակա միջավայր ունենալն է»,- ասում է կանաչ տեխնոլոգիաների փորձագետ Վարդան Թոռչյանը։
Անօդաչու թռչող սարքերը՝ դրոնները, տարբեր տեսակի են լինում, դրանց հիմնական գործառույթը ցողման միջոցով բույսերի հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքարելն է։ Սարքերից մեկը գնահատում է վնասատուներով ու հիվանդություններով վարակվածության աստիճանը եւ «հրահանգում» մյուսին ճիշտ տեղում կատարել սրսկման գործողություն։ Այսպես ավելի քիչ բուժանյութ է օգտագործվում, բերքի որակն էլ ավելի բարձր է լինում։ Դրոնի միջոցով կարելի է այլ տեղեկություն էլ ստանալ, օրինակ, թե այդ սեզոնին որքան բերք է լինելու։
«Այս դրոնն ունի 20-լիտրանոց բակ, որով մեկ ժամում կարելի է 12-13 հեկտար դաշտ բուժել։ Կախված ծրագրավորման եղանակից՝ այն կարելի է ղեկավարել թե՛ օպերատորի միջոցով, թե՛ ավտոմատ եղանակով։ Կիրառման փորձ արդեն իսկ կա, կարծում եմ՝ առաջիկայում շատ ավելի լայն տարածում կունենա»,- ասում է DJI ընկերության հայաստանյան ներկայացուցիչ Արմեն Սաֆարյանը։
Անօդաչու թռչող սարքի գինը մատչելի չէ, այդ պատճառով Հայաստանում ավելի տարածված է սարքը վարձակալելը, ոչ թե այն գնելը։ Այսինքն՝ գյուղացին, որի դաշտում որեւէ խնդիր կա, կարող է դիմել համապատասխան ընկերությանը եւ օգտվել դրոնից։ Վարդան Թոռչյանն ասում է, որ Հայաստանում, առհասարակ, կանաչ տեխնոլոգիաները բավականին տարածված են, պարզապես մարդիկ հաճախ չեն գիտակցում այս մեթոդի հնարավորություններն ու օգուտները։
Ուսուցման կանաչ կենտրոնի տարածքում կարելի է տեսնել հակակարկտային ցանցեր, կաթիլային ոռոգման համակարգ, բազմամյա մշակաբույսեր, կոմպոստացում եւ այլն։
Սա ուսուցողական ցուցադրություն է։ Մարդիկ կարող են գալ այստեղ, նոր գաղափարներ ստանալ, իրենց տեսածը համեմատել արածի հետ, հասկանալ՝ ինչն են սխալ անում, ինչպես կարող են բարելավել իրենց աշխատանքը, ինչպես կարող են փոքր տարածքից շատ բերք կամ շատ շահույթ ստանալ։
Հետաքրքիր գաղափարներից մեկն այս խնձորի ծառն է։ Եթե սովորական ծառի դեպքում, օրինակ, վերեւի պտուղներն ավելի շուտ են հասունանում, այս դեպքում պայմանները հավասար են։ Ծառի տեսքը կախված է պատվաստման ձեւից։
«Կանաչ շաբաթվա» գլխավոր իրադարձությունը Բերքի տոնն է լինելու, որը տեղի կունենա սեպտեմբերի 18-19-ին Ուսուցման կանաչ կենտրոնի տարածքում։