ԱՄՆ զինուժի Հնդկա-խաղաղօվկիանոսյան հրամանատարությունը հայտարարել է, որ ԿԺԺՀ վերջերս արձակած հրթիռները վտանգ չեն ներկայացնում Միացյալ Նահանգների եւ նրա դաշնակիցների բնակչության համար: Միեւնույն ժամանակ ԱՄՆ զինված ուժերի հրամկազմը արձակված հրթիռները համարում է ԿԺԺՀ անօրինական սպառազինությունների ծրագրի ապակայունացնող ազդեցության արգասիք:
Հարավային Կորեայի շտաբների պետերի կոմիտեն հայտարարել է, որ ԿԺԺՀ արձակած երկու բալիստիկ հրթիռները մի քանի րոպեում կտրել-անցել են 800 կմ տարածք՝ 60 կմ առավելագույն բարձրության վրա:
Հարավկորեական զինված ուժերը ԿԺԺՀ բալիստիկ հրթիռների արձակումից հետո բերվել են մարտական պատրաստվածության բարձրագույն աստիճանի: Հարավային Կորեայի նախագահը իրավիճակը քննարկելու է Ազգային անվտանգության խորհրդի նիստում:
Միավորված ազգերի կազմակերպությունը մտահոգություն է հայտնել կորեական հրթիռների արձակումների կապակցությամբ:
«Իրադարձությունների նման զարգացումը մտահոգիչ է: ՄԱԿ-ը վերահաստատում է իր դիրքորոշումը, որ դիվանագիտական փոխգործակցությունը Կորեական թերակղզում խաղաղության հաստատման, լիարժեք ապամիջուկայնացման միակ ուղին է»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
Կորեայի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունը սեպտեմբերի 15-ին երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: Հարավային Կորեայի նախագահականից նույն օրը պաշտոնապես հայտարարել են, որ Կորեայի Հանրապետությունն առաջին անգամ բալիստիկ հրթիռ է արձակել սուզանավից: