Գյումրու «Գալերի 25» պատկերասրահում «Գրքարվեստ եւ կալիգրաֆիա» նախագծի շրջանակում հերթական ներկայացում-ցուցահանդեսը «Գրքարվեստ եւ տառատեսակ» խորագրով էր։
Նահապետ Քուչակի հայրենները՝ թարգմանված երեք լեզուներով, Արտո Չաքմաքչյանի «Էրոս» շարքի գծանկարներով տեղ են գտել «Սիրո հայրեններ» գրքում։ Կարմիր կազմով, սեւ-սպիտակ էջերով գրքի ձեւավորողը «Ակտուալ արվեստ» մշակութային միության նախագահ Մկրտիչ Մաթեւոսյանն է։
«Գալերի 25» ցուցասրահում գրքի յուրաքանչյուր էջ ներկայացված էր որպես առանձին աշխատանք։ Նկար դարձած էջերը նորովի էին պատմում քուչակյան սիրո պատմությունները՝ խոսքից նկար, նկարից խոսք փոխլրացնելով միմյանց։
Անդրադառնալով նկարիչ, գրաֆիկ դիզայներ Մկրտիչ Մաթեւոսյանի ստեղծագործական լուծումներին՝ «Գալերի 25» պատկերասրահի հիմնադիր Ալեքսան Տեր-Մինասյանը նշեց, որ գիրքն առաջին հերթին գրավում է տեսքով. եթե գերեց, մտնում ես ներս ու շփվում նրա հետ։ Այս գրքի ամեն մանրամասն բացահայտում է, որ ձեւավորողն իսկապես գրքասեր է։
Ցուցահանդեսին հաջորդեց Մկրտիչ Մաթեւոսյանի վարպետության դասն ու զրույց-հանդիպումը արվեստի բուհերի ուսանողների եւ տպագրական արվեստով հետաքրքրվողների համար։
Նկարիչն իր ձեւավորած ամսագրերի եւ գրքերի օրինակներով բացահայտեց տառատեսակի ստեղծման եւ ճիշտ ընտրության գաղտնիքներ, ծանոթացրեց գրքաստեղծման ժամանակակից տեխնոլոգիաների նորամուծություններին։
Գյումրու արվեստի ակադեմիայի ուսանողուհի Ռիտա Թումասյանը ոգեւորված էր. «Ուրախ կլինենք, որ ունենանք մեր տառատեսակներն ու արտասահմանյան ամսագրերի, գրքերի կողքին մեր մրցունակ արտադրանքը»։
Միջոցառման հաջորդ փուլը կրտսեր մասնակիցների համար էր։ Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը դպրոցահասակ ունկնդիրներին ներկայացրեց մեծ բանաստեղծի որդու՝ Արտավազդ Թումանյանի ձեռակերտ հրատարակությունները։
Թումանյանի ընտանիքի պատմությունը լսելուց հետո երեխաները տեսան Արտավազդի պատկերազարդած ու ձեւավորած գրքերը։
«Գրքարվեստ եւ կալիգրաֆիա» նախագիծն իրականացվում է Für Armenien հիմնադրամի նախաձեռնությամբ եւ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ։
Միջոցառումները շարունակվում են։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։