Թուրքիան իր երկրի տարածք չի թողնում ռուսական արտադրության «ԿովիՎակ» եւ «ԷպիՎակ Կորոնա» պատվաստանյութերով պատվաստված Ռուսաստանի քաղաքացիների։
Ռուսաստանի զբոսաշրջային օպերատորների ընկերակցությունը տեղեկացրել է, որ այս պահին թուրքական իշխանությունները ճանաչում են միայն Ռուսաստանում արտադրված «Sputnik V» պատվաստանյութը։
Թուրքական կողմը սեպտեմբերի սկզբին դադարել է ճանաչելուց նաեւ «Sputnik Light»-ով արված պատվաստումները։ Ռուսաստանցի զբոսաշրջային օպերատորներն ընդգծում են, որ թուրքական իշխանություններն այս քայլերին դիմել են առանց որեւէ զգուշացման։ Ըստ ռուսական աղբյուրների՝ պատվաստանյութերի հանդեպ փոփոխված պահանջների մասին տեղեկություն չկա նաեւ Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան կայքում։
Թեեւ Թուրքիան արգելել էր «Sputnik Light» պատվաստանյութով պատվաստված ռուսաստանցի զբոսաշրջիկների մուտքը երկիր, այնուհանդերձ, Ռուսաստանի չորս քաղաքներից թռիչքներ կիրականացվեն դեպի Թուրքիա: Պսկով, Մագադան, Չիտա, Մուրմանսկ քաղաքներից դեպի Թուրքիա թռիչքներ են իրականացվելու սեպտեմբերի 21-ից: Վերոնշյալ քաղաքներից թռիչքներ կլինեն նաեւ դեպի Եգիպտոս եւ Իսպանիա: