Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ «Հյուսիսային հոսք 2» գազատարի շահագործման հարցում Կիեւը շարունակելու է «բարեկամական ճնշում» բանեցնել գործընկերների հանդեպ՝ հստակ որոշում ստանալու ակնկալիքով։
Դմիտրի Կուլեբան ընդգծել է, թե ժամանակն է, որ Գերմանիան եւ ԱՄՆ-ը գործեն այս հարցում՝ Ուկրաինային տրված երաշխիքների շրջանակում խոսքից գործի անցնելով:
Ուկրաինայի արտգործնախարարը պնդել է. ի տարբերություն Արեւմուտքի՝ Ռուսաստանը հստակ գործողություններ է իրականացնում «Հյուսիսային հոսքի» շինարարության հիմքում դրված քաղաքական եւ տնտեսական նպատակներին հասնելու համար։ Գազի գինը Եվրոպայում արդեն իսկ զգալիորեն աճել է:
Կիեւը միշտ կտրականապես դեմ է արտահայտվել Ռուսաստանը Գերմանիային կապող «Հյուսիսային հոսք 2» ստորջրյա գազատարի շինարարությանը։ Ուկրաինայի իշխանությունները համարում են, որ Ուկրաինայի տարածքով անցնող խողովակաշարի շահագործումից հրաժարվելը հանգեցնելու է ռուսական էներգակիրներից Եվրոպայի կախվածության կտրուկ աճին։