ՀՀ Կառավարության սեպտեմբերի 16-ի նիստի օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերի փաթեթի թվում ընդունվել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ներկայացրած նախագիծը «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին:
Ըստ ներկայացված օրինագծի՝ տոների եւ հիշատակի օրերի մասին 2001 թվականի հունիսի 24-ի ՀՕ-200 օրենքի 1-ին հոդվածը շարադրվել է հետեւյալ նոր խմբագրությամբ. «Ամանոր եւ Ծննդյան տոներ՝ նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ը ներառյալ (Ամանոր) եւ հունվարի 6-ը (Սուրբ Ծնունդ եւ Հայտնություն), ոչ աշխատանքային օրեր»:
Նախկինում, ըստ նշված օրենքի 1-ին հոդվածի, ոչ աշխատանքային էին համարվում դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը՝ որպես Ամանոր, հունվարի 3-ը, 4-ը, 5-ը՝ որպես նախածննդյան տոներ, եւ հունվարի 6-ը՝ որպես Սուրբ ծննդյան եւ Հայտնության տոն:
Նոր նախագծով ուժը կորցրած է համարվում նաեւ օրենքի 1.1 հոդվածը, ըստ որի՝ ոչ աշխատանքային էր նաեւ հունվարի 7-ը՝ որպես Մեռելոց հիշատակի օր:
Այսպիսով՝ Ամանորյա տոներին այսուհետ ոչ աշխատանքային կլինեն միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը եւ հունվարի 6-ը:
Փոփոխությունները հիմնավորվել են նրանով, որ «տոն եւ հանգստյան օրերը, պայմանավորված ոչ աշխատանքային լինելու հանգամանքով, իրենց ազդեցությունն են թողնում ինչպես համախառն ներքին արդյունքի, այնպես էլ տնտեսության հիմնական ոլորտների արտադրանքի թողարկման ծավալների վրա, արտաքին տնտեսական գործունեության իրականացման վրա, ինչպես նաեւ տեղական եւ օտարերկրյա գործընկեր կազմակերպությունների հետ պայմանագրային հարաբերությունների իրականացման վրա»։
Օրենքը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: