Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստում ՀԱՊԿ նախագահությունը փոխանցվել է Հայաստանի Հանրապետությանը: Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի Երեւանում՝ հաջորդ տարվա չորրորդ եռամսյակում։
Կազմակերպության անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհուրդների եւ Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի հաջորդ նիստերը նույնպես նախատեսվում է անցկացնել Հայաստանում՝ 2022-ի առաջին կեսին:
Որոշում է ընդունվել նաեւ առաջիկայում Տաջիկստանում անցկացնել ՀԱՊԿ լայնամասշտաբ զորավարժություններ, որոնցում ներգրավված կլինեն ՀԱՊԿ անդամ-պետությունների զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ:
Ինչպես նշված է գագաթնաժողովի ավարտին ընդունված հռչակագրի տեքստում, ՀԱՊԿ ղեկավարները Դուշանբեում տեղի ունեցած նիստում այսօր հաստատել են Արագ արձագանքման հավաքական ուժերին ժամանակակից զենքով զինելու ծրագիրը:
ՀԱՊԿ ղեկավարները նաեւ պայմանագիր են ստորագրել, որը նախատեսում է ռազմական ոստիկանության, ռազմական հետախուզության, զինվորական դատախազության եւ դատարանների ստեղծում:
Դուշանբեում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին այսօր մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նիստին մասնակցել է հեռավար: