ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին։
Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Զախարովան նշել է, թե ՌԴ-ն ընդհանուր առմամբ հետեւում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանի առանձին հատվածներում տիրող իրավիճակին:
Զախարովան ընդգծել է, թե իրավիճակի զարգացումը, այդ թվում եւ Որոտան գյուղի մոտակայքում, եւս մեկ անգամ ընդգծում է սահմանազատման եւ դրան հաջորդող սահմանագծման գործընթացի մեկնարկի անհրաժեշտությունը:
«Ռուսաստանի առաջարկներն այս հարցով փոխանցվել են ե՛ւ Բաքվին, ե՛ւ Երեւանին: Ակնկալում ենք շուտափույթ պատասխան՝ հետագա ընթացքը կազմակերպելու համար: Զուգահեռաբար Հայաստանի եւ Ադրբեջանի հետ շարունակելու ենք տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակմանն ուղղված ջանքերը՝ 2020-ի նոյեմբերի 9-ի եւ 2021-ի հունվարի 11-ի՝ բարձրագույն մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների իրագործման շրջանակում»,- ասել է Զախարովան:
Զախարովան անդրադարձել է նաեւ ադրբեջանա-թուրքական զորավարժություններին՝ նշելով, որ զորավարժությունների առնչությամբ Ռուսաստանն իր դիրքորոշումը հայտնել է Բաքվին, եւ ադրբեջանական կողմն ըմբռնումով է արձագանքել այս դիրքորոշմանը: Զախարովան հավելել է, որ ձեռնպահ կմնա մեկնաբանությունից, սակայն հստակեցրել է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն մշտական կապի մեջ է ադրբեջանցի գործընկերների հետ:
Անկարան եւ Բաքուն մեկ շաբաթում չորս համատեղ վարժանք անցկացրին, որոնցից մեկում ներգրավված էին նաեւ Պակիստանի զինվորականները: