Ըստ իրանական Mehr լրատվական գործակալության՝ Հայաստանի մայրաքաղաք Երեւանում՝ «Ֆրեսկո» միջազգային կինոփառատոնում, մեծ գնահատանքի է արժանացել իրանական «Երեխաները» կարճամետրաժ ֆիլմը ՝ ստանալով մրցանակ ընտանեկան արժեքների լավագույն ներկայացման համար:
Սա ռեժիսոր Ամիր Դարյանիի եւ պրոդյուսեր Նաիմ Բախթիարի առաջին միջազգային ներկայացվածությունն էր, որն էլ նրանց հաջողություն բերեց:
Դարյանիի ֆիլմը պատմություն է եղբոր ու քրոջ մասին, որոնք որոշում են բաժանվել՝ իրենց տան պայմանների, թշնամական միջավայրի եւ սեփական վարքագծերի պատճառով: Սա քույր ու եղբոր՝ իրավական հիմքով իրարից հեռանալ փորձելու առաջին դեպքն է:
«Երեխաները» կցուցադրվի նաեւ Միացյալ Նահանգներում՝ Սան Ֆրանցիսկոյի 14-րդ կինոփառատոնում, սեպտեմբերի 18-19-ին:
Mehr-ը նշել է, որ «Ֆրեսկոն» ամենամյա փառատոն է, որի նպատակն է հոգեւոր եւ մշակութային ժառանգության վերարժեւորումը, այլ երկրների ժողովուրդների հետ մշակութային երկխոսության հաստատումը: Փառատոնը մեծ կարեւորություն է տալիս նաեւ հատուկ սոցիալական խմբերի, հատկապես սահմանափակ կարողություններ ունեցող ֆիզիկական անձանց զբաղվածությանն ու ինտեգրմանը:
Պատրաստեց Կարինե Դավոյանը