Թուրքական Daily Sabah-ն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմից իրանական բեռնատարների մուտքի արգելքի թեմային։
Լրատվամիջոցը գրում է, թե Ադրբեջանը կիրակի նախազգուշացրել է Ռուսաստանին օտարերկրյա տրանսպորտային միջոցների երկրի տարածք մուտք գործելու թույլտվության վերաբերյալ, որը հակասում է Բաքվի, Մոսկվայի եւ Երեւանի միջեւ կնքված հայտարարության դրույթներին:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նամակներ է հղել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը եւ խաղաղապահ ուժերի հրամանատարությանը Ադրբեջանի Հանրապետությանը պատկանող տարածքներ այլ երկրներից տրանսպորտային միջոցների ապօրինի մուտքի վերաբերյալ»,- ասված է ՌԴ-ին ուղղված հայտարարության մեջ:
«Ոչ մի այլ երկրի անձ, իրավաբանական անձ կամ տրանսպորտային միջոց չեն կարող մուտք գործել Ադրբեջանի տարածք առանց Ադրբեջանի Հանրապետության համաձայնության, եւ նման դեպքերը համարվում են Ադրբեջանի Հանրապետության օրենքի խախտում»,- ասված է հայտարարությունում:
Պատրաստեց Կարինե Դավոյանը