Ազգային ժողովում Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում աշխատանքի արտադրողականությունը շատ է ցածր` 1 ժամում մինչեւ 7 դոլար: Մինչդեռ, օրինակ, Ռուսաստանում այն 11 դոլարից ավելի է, ԵՄ երկրներում՝ 40-100 դոլար: Իսկ գյուղատնտեսության ոլորտում արտադրողականությունն անգամ 3 դոլարից է ցածր: Վարչապետն առաջիկա 5 տարիներին ռազմավարական նպատակ հռչակեց այդ ցուցանիշների բարձրացումը:
Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը նույնպես հաստատում է, որ մեր աշխատուժն իր արտադրողականությամբ շատ ցածր է ոչ միայն ԱՄՆ-ից ու ԵՄ երկրներից, այլեւ ՌԴ-ից ու ԵԱՏՄ այլ երկրներից: Եվ դա ունի մի քանի պատճառ. չկա որակյալ կրթություն, բացի այդ՝ երիտասարդները չեն ցանկանում աշխատել արդյունաբերության, շինարարության, մետաղամշակման ոլորտներում, հին են տեխնոլոգիաները եւ այլն:
Նա հիշում է 2015-2016 թվականներին շվեյցարացի մասնագետների կատարած մի ուսումնասիրություն, ըստ որի` ՀՀ-ում մեկ աշխատողի արտադրողականությունը տարեկան 9700 դոլար էր:
«Հիմա Ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացնում է, որ այդ թիվը հասել է մոտ 20 հազարի, բայց ես չեմ հավատում, կամ էլ դրան գումարվել է ՏՏ ոլորտի արտադրությունը, եւ եթե այն հանես, մյուս ոլորտներում շատ ցածր է: Բայց եթե անգամ 20 հազար դոլար է, Եվրոպական երկրներում 110-120 հազար դոլար է, Շվեյցարիայում՝ 130 հազար դոլար: ՌԴ-ից մենք ցածր ենք մոտ 2, 5 անգամ: Այսինքն՝ մենք իրականում քիչ մրցունակ ենք»,- ասում է Մակարյանը:
Տարիներ շարունակ մեր երկրի իշխանությունները խոսել են որակյալ կրթությունից, գիտելիքահեն տնտեսությունից, խելացի տնտեսություն ունենալու ցանկությունից, գիտությունն ու տնտեսությունը զարգացնելու հեռանկարից, բայց դրանք մնացել են լոկ խոսքեր, եւ մեր երկրում գիտության ու տնտեսության կապը գնալով խզվել է:
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանն ասում է՝ բիզնեսը տասնամյակներ շարունակ ջանք չի ներդրել ինովացիոն տեխնոլոգիաների մեջ, եւ շահույթ ստանալու համար մտածել է մենաշնորհի, իշխանության մեջ դիրքավորվելու, քվոտաների, արտոնությունների, ստվերում աշխատելու մասին։
«Սա համակարգային ախտաճանաչում է: Չկա մի պրոդուկտ, որն ունի բարձր արժեք՝ բացի ՏՏ ոլորտից, որն էլ մեզ միայն աշխատավարձ է բերում: Մինչդեռ գիտության արտադրանքը երբ առարկայանում է, գերշահույթ է բերում: Մեր գիտնականների հոդվածները տպագրվում են առաջատար հանդեսներում, կարդացվածությունը բարձր է, բայց կիրառում չունեն, քանի որ բախվում են տնտեսության հնացած մոդելին:
Մեր տնտեսությունը, լինելով մեկ անձի կողմից վերեւից կառավարվող, քվոտավորվող եւ հիմնվելով բնական ռեսուրսների արդյունահանման կամ ցածր արժեք ունեցող ապրանքների արտադրության վրա, գիտությանը պահանջ չի ներկայացրել»:
Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը հավելում է, որ ՀՆԱ/կրթություն-գիտություն նվազագույն հարաբերակցությունը 2,5 տոկոս է, մինչդեռ Հայաստանում այն երբեւէ այդքան չի եղել, ավելի ցածր է եղել: ՀՀ իշխանություններն էլ, կրթությունից ու գիտությունից շատ խոսելով, այդ ոլորտին երբեք լուրջ գումարներ չեն հատկացրել: Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն, օրինակ, իր հրաժարականից ընդամենը մեկ ամիս առաջ գիտնականներին ասել էր՝ «գումար եք ուզո՞ւմ, ես էլ եմ ուզում, բոլորն էլ ուզում են»։ Փաշինյանը գիտնականներին չի ասում՝ գումար չկա, ասում է` կա՛, ծրագիր բերե՛ք, կֆինանսավորենք:
Գագիկ Մակարյանի կարծիքով՝ կարելի է փորձել, բայց ԿԳՄՍ ենթակայությամբ գործող Գիտական կոմիտեն գիտական ծրագրերի ֆինանսավորման համար այնքան քիչ գումար է հատկացնում, որ այն գիտնականներին հազիվ ամսական 100 հազար դրամ աշխատավարձ է ապահովում, ուր մնաց թե տնտեսության մեջ հավելյալ արժեք ստեղծող լուրջ հետազոտություն ֆինանսավորի։
«Մինչդեռ հենց Գիտության կոմիտեն պետք է պարզի, թե աշխարհում գլոբալ միտումները որ ուղղությամբ են գնում եւ այդ ուղղությամբ էլ գիտությանն ու կրթությանը պատվերներ ներկայացնի: Օրինակ՝ բիոտեխնոլոգիաների զարգացումը, որն աշխարհում գալիք տասնամյակում հռչակված է կարեւոր ուղղություններից մեկը: Չունի կոմիտեն նման ծրագրեր»:
Այս տարվա բյուջեում «գիտական եւ գիտատեխնիկական հետազոտությունների ծրագիր» տողով հատկացված է ընդամենը 13,7 մլրդ դրամ կամ մոտ 27 մլն դոլար, ինչը գիտական լուրջ արտադրանք ստանալու համար ծիծաղելի գումար է: Եվ երբ բյուջեով ԿԳՄՍ-ին հատկացված գումարները ուսումնասիրում ենք, տեսնում ենք, որ դրանք հիմնականում աշխատավարձերի (ցածր աշխատավարձերի), շենքային պայմաններ բարելավելու կամ փոքր միջոցառումներ ֆինանսավորելու համար են: Նման պայմաններում գիտություն զարգացնելու կամ տնտեսությունը զարգացնող գիտության մասին խոսելն անլուրջ է:
Մյուս կողմից՝ կա վեճ, թե երկուսից որը պետք է նպաստի մյուսի զարգացմանը: Պետությանը հարկեր վճարող տնտեսությո՞ւնը պետք է ֆինանսավորի կրթությանն ու գիտությանը` պատվերներ տալով, թե՞ հակառակը:
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։