Ըստ բրիտանական Daily Mail պարբերականի՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրոպական պաշտպանական դաշինք ստեղծելու անհապաղ պահանջ կա:
Նա ընդգծել է, որ Եվրամիությունը պետք է ստեղծի սեփական բանակը՝ պաշտպանական հարցերում ԱՄՆ-ի վրա հույսը չդնելու համար:
Ուրսուլա ֆոն դեր Լայենը անհանգստություն է հայտնել «Թալիբանի» ճնշման ներքո Աֆղանստանի կառավարության անկման կապակցությամբ: Եվրահանձնաժողովի նախագահը այն համոզմունքն է հայտնել, որ այդ իրադարձությունները լրջագույն հարցեր են ստեղծելու ոչ միայն ՆԱՏՕ-ի, այլեւ ԵՄ անդամ երկրների առաջ:
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պահանջել է արագացնել Եվրոպական պաշտպանական դաշինքի զարգացումը: Ըստ նրա՝ դրա համար նոր ստորաբաժանումներ ձեւավորելու անհրաժեշտություն չկա, քանի որ դրանք վաղուց ստեղծված են: Նա ընդգծել է, որ դաշինքը պետք է բավականաչափ քաղաքական կամք դրսեւորի՝ միջազգային հարցերում ռազմական գործիքներն առանց ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի օգնության օգտագործելու համար:
«Ժամանակն է անցնելու նոր մակարդակի»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարը:
Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան կարծում է, որ ԵՄ-ն իր տարածաշրջանում եւ դրա սահմաններից դուրս ավելի շատ կայունություն պետք է ապահովի, ինչպես նաեւ մասնակցի առաքելությունների, որոնք Հյուսիսատլանտյան դաշինքը կամ ՄԱԿ-ը չեն նախաձեռնել: