Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը քննադատել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ավստրալիայի միջեւ կնքված համաձայնագիրը՝ նշելով, որ դրանով ավստրալական կառավարությունը փաստորեն չեղարկում է Ֆրանսիայից սուզանավեր գնելու մասին 2016-ին կնքված պայմանագիրը։
Ավստրալիայի կառավարության եւ ֆրանսիական Naval Group ընկերության միջեւ կնքված այդ գործարքով, որի ընդհանուր արժեքը գերազանցում է 40 միլիարդ ամերիկյան դոլարը, Փարիզը պարտավորվել է մի քանի տարվա ընթացքում ամբողջությամբ թարմացնել սուզանավերի ավստրալական նավատորմը։
«Սա դաժան, միակողմանի եւ անկանխատեսելի որոշում էր, որը ինձ հիշեցրեց նախագահ Թրամփի գործելաոճը։ Բարկացած ու դառնացած եմ, քանի որ սա հարված էր մեր թիկունքին։ Մենք Ավստրալիայի հետ վստահության վրա հիմնված հարաբերություններ ենք կառուցել, եւ այժմ այդ վստահությունը խաթարված է»,- հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարը։
Դրիանն ընդգծել է, թե ընդամենը երկու շաբաթ առաջ Ավստրալիայի պաշտպանության եւ արտգործնախարարները վերահաստատել են, որ Ֆրանսիայից սուզանավեր գնելու մասին պայմանագիրը շարունակում է ուժի մեջ մնալ։