Բաքվում ԵՄ ներկայացուցչությունից հայտնել են, որ տարածաշրջանային այցով Ադրբեջան մեկնած Եվրամիության Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը այսօր մեկնել է Աղդամ։ Այցի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվել:
Ադրբեջանական APA-ն գրել է, թե ԵՄ ներկայացուցիչն «իր աչքով կտեսնի հայկական բռնազավթման ժամանակ նրանց կողմից Աղդամում իրականացված վանդալիզմն ու ավերածությունները»:
Տոյվո Կլաարին դիմավորել է Աղդամում Ադրբեջանի հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովը: Ադրբեջանական լրատվամիջոցները, մասնավորապես «Հաքին.ազ»-ը եւ «Թրենդը», գրել են, թե «Հուսեյնովը հյուրին տեղեկացրել է Աղդամում հայերի իրականացրած վայրագություններին, ինչպես նաեւ «ազատագրումից» հետո այստեղ իրականացվող վերականգնողական աշխատանքներին»:
Բաքվում Կլաարը հանդիպել է Ադրբեջանի ԱԳ եւ պաշտպանության նախարարների հետ: Արտգործնախարարի հետ հանդիպման ընթացքում նա վերահաստատել է պաշտոնական Բրյուսելի դիրքորոշումը, որ Եվրամիությունը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության, զարգացման եւ բարգավաճման դիրքերից, պատրաստ է համապատասխան աջակցություն ցուցաբերելու այդ ուղղությամբ։
ԵՄ հատուկ ներկայացուցիչը Բաքու մեկնելուց առաջ Երեւանում էր: Նա եղավ նաեւ Երասխում։