Երկամսյա դադարից հետո Գյումրու «Շիրակ» օդանավակայանում վայրէջք կատարեց առաջին ուղեւորատար օդանավը։
Հայաստանի Հանրապետությունում ռազմական եւ քաղաքացիական օդանավերի համար նախատեսված միակ «Շիրակ» օդանավակայանը վազքուղու ամբողջական նորոգումից եւ ժամանման նոր սրահի կառուցումից հետո սեպտեմբերի 16-ին վերագործարկվեց։
Ժամանման նոր սրահի կարմիր ժապավենը կտրելու եւ կատարված աշխատանքներին ծանոթանալու նպատակով Գյումրիում էին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, «Արմենիա. միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության պատասխանատուները:
Փոխվարչապետը շրջայցից հետո վստահեցրեց, որ «Շիրակ» օդանավակայանի շնորհիվ Գյումրին դառնալու է շատ կարեւոր հանգրվան զբոսաշրջիկների համար, այն լինելու է նաեւ հանրապետության երկրորդ քաղաքի զարգացման գրավականներից մեկը։
«Արմենիա. միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանն էլ տեղեկացրեց, որ այս պահին մի շարք ավիաընկերություններ արդեն թռիչքներ իրականացնելու պատրաստակամություն են հայտնել։ Դրանց թվում է նաեւ «Աերոֆլոտը»։
Ժամանման նոր սրահը հնարավորություն ունի մեկ ժամում երեք չվերթ սպասարկելու, սակայն առայժմ կբավարարվեն ժամում մեկ չվերթով։ Թռիչքների սահմանափակումը կապված է համավարակի հետ։ Եթե չվերթների քանակն աճի, բացառված չէ, որ «Արմենիա. միջազգային օդանավակայաններ» ընկերությունը որոշի ընդլայնել իր կարողությունները։
3220 մ երկարություն, 45 մ լայնություն ունեցող թռիչքուղին վերջին անգամ վերանորոգվել էր 2007 թվականին «Արմենիա. միջազգային օդանավակայաններ» ընկերության միջոցներով։ Վազքուղու ծածկույթը 8-10 տարվա փոխարեն շահագործվել էր 14 տարի։
Համալիրը նախկինում տարեկան սպասարկում էր 250 հազար ուղեւորի, նորակառույցում այդ թիվը կհասնի 700 հազարի, կգործեն անձնագրերի ստուգման ութ խցեր։ Ուղեւորների հարմարավետությունն այսուհետեւ ապահովելու է նաեւ բեռնափոխադրման նոր տեղադրված շարժահարթակը։
«Շիրակ» միջազգային օդանավակայանի վերակառուցման համար «Արմենիա. միջազգային օդանավակայաններ» ընկերությունը հատկացրել է 7,5 միլիոն ԱՄՆ դոլար, որից մոտ 1,5 միլիոնը տրամադրվել է ժամանման սրահի, իսկ 6 միլիոնը՝ վազքուղու վերակառուցմանը։ Շինարարական աշխատանքներն իրականացրել է հայկական ABB project ընկերությունը, որն ընտրվել է միջազգային բաց մրցույթով։
Ի դեպ, Գյումրու եւ Եվրոպայի կապը շատ շուտով կարող է դառնալ ուղիղ, քանի որ ստեղծված են եվրոպական բյուջետային չվերթները պատշաճ սպասարկելու բոլոր հնարավորությունները։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։