Սյունիքում` «Արեւիք» ազգային պարկի տարածքում արդեն 3-րդ օրը շարունակվող հրդեհն առայժմ մարել չի հաջողվում։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ հրդեհաշիջման աշխատանքներին են միացել եւս 32 փրկարար, ինչպես նաեւ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի 25 եւ «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ի 10 աշխատակից։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են նաեւ ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 30 եւ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության 25 փրկարար ծառայող։
Հրդեհը բռնկվել է սեպտեմբերի 15-ին, ժամը 13.34-ին։ Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները նույն օրը երկոյան մթության եւ ճանապարհի դժվարանցանելիության պատճառով ստիպված ժամանակավորապես դադարեցր են աշխատանքները։
Սեպտեմբերի 16-ին վաղ առավոտյան ազգային պարկի տարածք է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ, ազգային պարկի 20 աշխատակից եւ 23 զինծառայող: Սեպտեմբերի 16-ի ժամը 11։00-ի դրությամբ այրվել է ազգային պարկի 10-12 հա բուսածածկույթ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաեւ «Արեւիք» ազգային պարկի 20 աշխատակից և N զորամասի 23 զինծառայող:
Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի «Արեւիք» ազգային պարկը հատուկ պահպանվող տարածք է հռչակվել 2010-ին։ Ազգային պարկի տարածքում ներկայացված է լանդշաֆտային գոտիների գրեթե ամբողջ համակարգը՝ ցածր եւ միջին լեռնային կիսաանապատներից մինչեւ բարձր լեռնային տափաստաններն ու Մեղրի գետի վերին հոսանքների մերձալպյան տիպի լանդշաֆտը:
Շուրջ 30 հազար հա տարածքում առկա են վայրի բնության հազվագյուտ եւ ոչնչացող տեսակներ, որոնք գրանցված են Հայաստանի Կարմիր Գրքում: Վերջին 60 տարիների ընթացքում Հայաստանում առաջին անգամ «Արեւիք» ԱՊ–ում հայտնաբերվել էր զոլավոր բորենի, որը համարվում էր անհետացած տեսակ։
Թարմացում.
ՀՀ ԱԻՆ-ից հայտնել են, որ մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դարձյալ ժամանակավորապես դադարեցվել են։