Նախքան Հայաստանի Հանրապետության հիմնադրումը, որ սկիզբ դրվեց 1918 թվականի մայիս-հունիսին՝ 10-12 հազար քառակուսի կիլոմետրով, Զանգեզուրի գավառը Ելիզավետպոլի նահանգի կազմում Ռոմանովների ռուսական կայսրության մաս էր: Գավառի կենտրոնը Գորիսն էր:
Զանգեզուրի գավառը ձեւավորվել է 1868 թվականին, տարածքը կազմել է 7.3 հազար քառակուսի կիլոմետր: Սյունիքը Զանգեզուրի մի մասն է, որ Խորհրդային, ապա անկախ Հայաստանի մաս է կազմել շուրջ 4.5 հազար քառակուսի կիլոմետր տարածքով: Այսպիսով՝ 2.8 հազար քառակուսի կիլոմետրը մնացել է Խորհրդային Ադրբեջանի կազմում, եւ այսօր այն համապատասխանում է Հակարի եւ Աղավնո գետերի ավազանին` կազմելով Լաչինի, Ղուբաթլուի եւ Զանգելանի շրջանների մի մասը:
1991-1994 թվականների ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական ուժերը ամբողջական վերահսկողություն հաստատեցին Զանգեզուրի այն տարածքների վրա, որոնք 1920-ին Ադրբեջանի խորհրդայնացումով անցել էին այդ երկրին: 2020 թվականի 44-օրյա պատերազմի եւ նոյեմբերի 9/10 եռակողմ հայտարարությամբ այդ տարածքները կրկին անցան Ադրբեջանին:
1897-ի ռուսական առաջին եւ վերջին մարդահամարի տվյալներով Զանգեզուրի գավառում բնակչության թիվը 137.871 էր, որից 63.622-ը՝ հայեր, 71.206-ը՝ կովկասյան թաթարներ, 1807-ը՝ քրդեր, 1.006-ը՝ ռուսներ, 143-ը՝ հույներ, 26-ը՝ պարսիկներ, 18-ը՝ լեհեր, 16-ը՝ մոլդովացիներ, 9-ը՝ գերմանացիներ, 7-ը՝ լեզգիներ, 3-ը՝ ավարներ, 2-ը՝ վրացիներ, 6-ը՝ այլ ազգեր:
Մինչեւ Հայաստանի եւ Ադրբեջանի հիմնադրումը՝ ռուսական տիրապետության շրջանում, Անդրկովկասում հայերն ու մուսուլմանները, Դաշնակցական գործիչ Միքայել Վարանդյանի խոսքերով, «հաշտ ու խաղաղ» էին ապրում, իսկ գավառներում` պահպանում «բարեկամական պարզ, անկեղծ հարաբերություններ»:
1905-1906 թվականների հայ-թաթարական բախումները, որոնք համընկան հեղափոխության շրջանի հետ, ծավալվեցին հայերով ու թաթարներով բնակեցված գրեթե բոլոր շրջաններում, այդ թվում՝ Զանգեզուրում:
1918 թվականի վերջերին, երբ Օսմանյան կայսրությունն իրեն պարտված էր ճանաչել, սկսել էր զորքերի դուրսբերումը գրավյալ արեւելահայկական հողերից, Զանգեզուրում տեղական հայկական վարչության եւ ոստիկանության համագործակցությամբ զորավար Անդրանիկը եւ նրա կամավորները իրենց ձեռքն էին վերցրել իշխանությունը, գրում է պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը:
1918 թվականի օգոստոսից մինչեւ 1919-ի մարտը զորավար Անդրանիկի ներկայությունը Զանգեզուրում կարեւոր գործոն էր: Թեեւ բրիտանացիները 1919-ի հունվարին Խոսրով բեկ Սուլթանովին նշանակել էին Լեռնային Ղարաբաղն ու Զանգեզուրի շրջանն ընդգրկող տարածքի ժամանակավոր ընդհանուր նահանգապետ, Զանգեզուրն, ի տարբերություն Արցախի, երբեք չհպատակվեց եւ Ադրբեջանի մաս չկազմեց:
Բրիտանացիները կարծում էին, որ եթե Նախիջեւանն ու Կարսը միացվեն Հայաստանին, ապա հայերը կհրաժարվեն Լեռնային Ղարաբաղից եւ Զանգեզուրից: Դեռ Անդրանիկը եւ նրա շուրջ 3000-անոց կամավորական զորագունդը չէին հեռացել Գորիս-Սիսիանից, երբ Հայաստանի կառավարությունը փոխգնդապետ Արսեն Շահմազյանին նշանակեց գավառային կոմիսար: Մյուս կողմից՝ Հայաստանի կառավարությունը չէր ցանկանում բացահայտ հակադրվել իր դաշնակից Մեծ Բրիտանիային, այդ պատճառով ո՛չ վարչապետ Հովհաննես Քաջազնունին, ո՛չ էլ նրան հաջորդած Ալեքսանդր Խատիսյանը պաշտոնապես չհաստատեցին Շահմազյանի նշանակումը, թեեւ վերջինիս գլխավոր առաքելությունը Զանգեզուրը Հայաստանի կազմում ներառելն էր:
Մինչ այդ՝ 1919 թվականի փետրվարին, ներքին գործերի նախարարության կողմից ստեղծված հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքով Հայաստանում կատարվեց վարչական առաջին բաժանումը: Հանրապետության տարածքը բաժանվեց հետեւյալ գավառների՝ Երեւան, Էջմիածին, Սուրմալու (Արաքսի աջ ափը մոտավորապես համապատասխանում է այսօրվա Իգդիրի շրջանին, որ Թուրքիայի տարածքում է), Դարալագյազ (Վայոց Ձոր), Զանգեզուր, Նոր Բայազետ (Գավառ, այսօրվա Սեւանա լճի ավազան), Դիլիջան, Ղարաքիլիսա (այսօր՝ Լոռու մարզ), Ալեքսանդրապոլ (այսօր՝ Շիրակ) եւ Կարս: Կարսը, ինչպես եւ Նախիջեւանը, ՀՀ-ի մաս դարձան դաշնակից բրիտանացիների զորքերի աջակցությամբ: Կարսը ՀՀ-ի կազմում մնաց մինչեւ 1920-ի հոկտեմբերի 30-ը, իսկ Նախիջեւանն՝ ընդամենը երկու ամիս: Նախիջեւանի շարունակությունը՝ Շարուրը, ՀՀ-ն կորցրեց Կարսի հետ գրեթե միաժամանակ:
Հայաստանում վարչական երկրորդ բաժանումը տեղի ունեցավ 1920-ի մայիսին: Ընդարձակված հանրապետությունը բաժանվեց ավելի մեծ միավորների՝ 4 նահանգների՝ Արարատ, Շիրակ, Վանանդ, Սյունիք:
Մինչ այդ՝ 1919-ի ապրիլի վերջերին, բրիտանացիները եւս մեկ փորձ էին արել, որպեսզի Զանգեզուրը ընդունի Սուլթանովի ժամանակավոր կառավարումը, սակայն հայերը մնացին անդրդվելի: Խատիսյանը, բրիտանացիների խոսքերով, երկակի խաղ էր խաղում: Մի կողմից՝ Հայաստանի վարչապետը հայտարարում էր, որ կապ չունի Զանգեզուրի հայերի՝ բրիտանացիների պահանջներին չենթարկվելու եւ ընդվզելու հետ, մյուս կողմից՝ ֆինանսավորում եւ աջակցում էր Շահմազյանին ընդդեմ դաշնակից բրիտանացիների եւ հակառակորդ Ադրբեջանի:
Ապրիլ-նոյեմբերին Զանգեզուրում տեղի էին ունենում հայ-թաթարական տեղային կռիվներ, որոնց ընթացքում գավառի կենտրոնական եւ արեւմտյան հատվածները մաքրվեցին մուսուլման բնակչությունից: Սիմոն Վրացյանը գրում է. «Հայերի եւ թուրքերի միջեւ մի շարք լուրջ բախումներ տեղի ունեցան Երիցաթումբի, Զեյվա-Հագարիի, Ներքին Հանդի, Նյուվադիի, Նորս-Գոմրիի, Մազրայի, Բազարչայ-Ղուշչի-Բիլագի, Մինքենդ-Խոզնավուրի եւ այլ ուղղություններում: Ամեն անգամ կռիվներին մասնակցում էին երկու կողմից 1500-3000 զինված ուժեր: Համարյա բոլոր դեպքերում էլ նախահարձակը թուրքերն էին. նրանք էին եւ չարաչար պարտվողը: Թուրքերի ձգտումն էր միացնել Զանգեզուրը Ադրբեջանին»:
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ արյունալի պատերազմը կանխելու մտահոգությամբ բրիտանացիները 1919-ի նոյեմբերին Թիֆլիսում հրավիրեցին հայ-ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպում վարչապետներ Խատիսյանի եւ Ուսուպբեկովի մասնակցությամբ:
Նոյեմբերի 23-ին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատվեց համաձայնություն, ըստ որի՝ երկու կառավարությունները պարտավորվում էին դադարեցնել տեղի ունեցող ընդհարումները եւ նոր ընդհարումների չդիմել, բացել Զանգեզուր տանող ճանապարհները խաղաղ երթեւեկի համար, բոլոր վիճելի հարցերը, այդ թվում սահմանավեճերը լուծել խաղաղ համաձայնությունների ճանապարհով:
Վրացյանը գրում է. «Այս համաձայնությամբ վերջ գտավ Զանգեզուրի արյունահեղությունը, որ քիչ մնաց պատճառ դառնար հայ-ադրբեջանյան պատերազմի: Ճիշտ է, կռիվները փաստորեն շարունակվեցին, բայց այս անգամ արդեն նախահարձակը զանգեզուրցիներն էին: Նոյեմբերի վերջերին ղափանցիները՝ Երեւանից նոր հասած Նժդեհի գլխավորությամբ, մաքրեցին Օխչի չայի ապստամբ շրջանը… Զանգեզուրն այլեւս մաքրված էր ներքին թշնամուց»:
Այսպես, Զանգեզուրը Ադրբեջանին հպատակեցնելու փորձերը ձախողվեցին:
Ռիչարդ Հովհաննիսյանը գրում է, որ 1919-ի աշնան ընդհարումներից եւ անկանոն կռիվներից հետո Հայաստանը եւ Ադրբեջանը տիրացան սահմանաբաժան գծի այն հակադիր կողմերին, որոնց սահմաններն անփութորեն գծվել էին 1918 թվականի դեկտեմբերին՝ բրիտանացի զորավար Թոմսոնի կարգադրությամբ, որպեսզի Անդրանիկը Ղարաբաղից հետ քաշվեր Զանգեզուր:
1918 թվականի հունիսից մինչեւ 1920-ի ապրիլ Հայաստանը եւ Ադրբեջանը չունեցան փոխադարձաբար ընդունելի սահմանագիծ, այդ թվում՝ Զանգեզուրի հատվածում:
շարունակելի
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։