Հին անվանումները գործածությունից դուրս են գալիս, երիտասարդ ստեփանակերտցիները հիմա գրեթե չեն ասում՝ «Մազի կամուրջ»: Քաղաքի այս կամ այն հատվածն անվանում են ըստ հայտնի «օբյեկտների»: Իսկ կամուրջը կա, այսօր էլ Ստեփանակերտը կապում է Շուշի-Բերձոր-Գորիս-Երեւան ճանապարհին:
Ըստ Սամվել Կարապետյանի՝ Մազի կամուրջը կառուցվել է 1825 թվականին: Երեւի ռուս ռազմական ինժեներն է նախագծել, բայց կամարը հայ վարպետներն են կապել տեղական կիսամշակ քարից՝ կրաշաղախով: Թե չէ արձանագրությունը հայերեն չէր լինի:
Այնտեղ հիմա Արցախի ոստիկանության անցակետն է: Եվ երբ ռուս խաղաղապահների մի քանի արգելափակոցներն անցնում, Երեւան-Ստեփանակերտ ճանապարհի ամենավերջում հանդիպում ես հայ ոստիկանի, որ միայն ճշտում է, թե քանի հոգով եք, ուզես, թե ոչ, մտածում ես, որ քառասունչորսօրյա պատերազմից հետո մի երկար «մազի կամուրջ» է մնացել մինչեւ Տեղ գյուղի դարձյալ հայկական անցակետ տեւող դառը ճանապարհը:
Մանավանդ երբ գիտես, որ Լաչինի միջանցքին անմիջապես հարող՝ թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում դեռ երեկ թուրք-ադրբեջանական հատուկ ջոկատայինների համատեղ զորավարժություններ էին, եւ Բաքվի մամուլը շատ պարզ գրում էր, որ մշակվում են բարդ ռելիեֆային տեղանքում հետախուզա-դիվերսիոն գործողություններ ծրագրելու եւ իրականացնելու տարբերակներ:
Լաչինի միջանցքում հայկական ուժեր չկան: ՊԲ դիրքապահները մոտ մեկ ամիս առաջ են հանվել նաեւ Եղցահողից, հիմա այնտեղ ռուս խաղաղապահներն են պարեկում: Ստացվում է, որ թուրք-ադրբեջանական հետախուզա-դիվերսիոն բնույթի զորավարժությունների պայմանական հակառակորդը նրա՞նք են, թե՞ թշնամին կանխածրագրում է իրավիճակ, երբ «ռուսների թույլտվությամբ այնտեղ կմտնեն հայկական զինված ջոկատներ»:
Թուրքերը սադրանքի վարպետ են: Երեսուն տարի առաջ նրանք Աղդամ-Շուշի ցուցադրական երթեւեկություն էին կազմակերպում: Ստեփանակերտցի տղեկները երբեմն խորհրդային պատժիչ զորքերից կարողանում էին «աչք գողանալ» եւ քար կամ ջրով լի շշեր նետել այդ շարասյուների վրա, եւ գեներալ Սաֆոնովի հաղորդագրություններում դա ձեւակերպվում էր որպես «ծայրահեղական զինված խմբավորումների հարձակում»: Հետեւանքը շուրջկալն էր լինում, եւ տասներկու-տասներեք տարեկան երեխաները մի քանի օրով ընկնում էին «ֆիլտրացիոն կենտրոն»:
Քառասունչորսօրյա պատերազմից հետո Շուշին «մայր Ադրբեջանի» հետ արդեն կապված է ռուս խաղաղապահներին շրջանցող ճանապարհով: Եվ ոչ ոք չգիտի, չի հաշվում, թե օրվա մեջ քանի ծանրաքարշ է Ֆիզուլիից այնտեղ հասնում, ինչ բեռներ են փոխադրվում՝ շինանյո՞ւթ, թե՞ ռազմական նշանակության բեռներ:
Շուշիի ճանապարհը Գորիս-Ստեփանակերտ մայրուղուց առանձնացված է: Շուշին նոյեմբերի 9-ի եռակողմ Հայտարարության իմաստով խաղաղապահ առաքելության գոտուց դուրս, միայն թշնամական վերահսկողության քաղաք է: Ուրիշ ոչ ոք այնտեղ մուտքի իրավունք չունի: Մի քանի վտարանդի ադրբեջանցի Եվրոպայի այս կամ այն քաղաքից ահազանգում է, որ Իլհամ Ալիեւը «պետականացման անվան տակ փաստորեն սեփականաշնորհել է Շուշին»: Նույնիսկ մինչեւ 1992 թվականն այնտեղ բնակված մարդիկ չեն կարող վերականգնել «սեփականության իրենց իրավունքը»:
Բայց դա մեր թեման չէ: Երեւանից Ստեփանակերտ վերադառնալիս մենք շատ շոշափելիորեն զգում ենք, որ «Լաչինի միջանցք» կոչվածը հիսուն-վաթսուն կիլոմետր ձգվող «մազի կամուրջ» է՝ թեթեւ հրազեն կրող ռուս խաղաղապահների մի քանի անցակետով:
Ընդամենը:
Եվ միակ «վստահությունն» այն է, որ Իլհամը «ռուսներին դուրս մղելու արկածախնդրության չի գնա»: Այսօր եւ առաջիկայում՝ գուցե, իսկ վա՞ղը:
Տարածաշրջանը, աշխարհն առհասարակ, լարվում է: Հանգիստ չի էլ եղել: Այդ մենք էինք կարծում, թե սիրիական ճգնաժամն ու դրան հաջորդած աղետը մեզնից հեռո՜ւ ինչ-որ անիրական բան էին, եւ մեր խաղաղ երկինքներում թուրքական Բայրաքթար չի հայտնվի, որովհետեւ «պատերազմը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներից եւ ոչ մեկին ձեռնտու չէ, նրանք այլ խնդիրներ ունեն»:
Խոր միջնադարում քեզնից մեկ-երկու փարսախ հեռավորության պատերազմը քոնը չէր: Մերը չէր Գանձակի խանի դեմ Շուշիի խանի պատերազմը: Այսօր մերն է Աֆղանստանի «եռացող կաթսան»: Մերն է Մերձավոր Արեւելքի ռազմա-քաղաքական «շիլաշփոթը»: Որովհետեւ 21-դարում մեծ տերությունները պայմանավորվածության եթե գալիս են, ապա միայն մի հարցում՝ հնարավորինս զերծ մնալ ուղղակի առճակատումից:
Պրոքսի պատերազմ(ներ)ի դեպքում գործում է «ջունգլիների օրենքը», եւ փոքրերն առաջնորդվում են մեծերից եկող ազդակներով: Ինչպե՞ս՝ արդեն ընկալման, իրավիճակին համարժեքության խնդիր է:
Եվ եթե Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն ընդունում է Իսրայելի պաշտոնակցին, որ այդ երկրի «պահեստային վարչապետն» է, եւ բաց հասկացնում, որ Մոսկվան ոչինչ չի ձեռնարկի «Հեզբոլլայի» դեմ հրեական պետության հարձակումներին հակազդելու համար, եւ Պաղեստինի հարցով էլ «բանակցությունների ժամանակը չէ» (դիվանագիտական լեզվով ավելին չեն էլ ասում), իսկ հաջորդ օրը թշնամին «մաքսային ստուգման» է ենթարկում Հայաստան մտնող իրանական բեռները, ապա «մազի կամուրջ» է ընկալվում նաեւ Իրան-Հայաստան միջպետական ճանապարհը:
Երեսուն տարի առաջ խորհրդային պատժիչ զորքն Աղդամից Շուշի ուղեւորվող շարասյունը շրջեց-անցկացրեց Ստեփանակերտի կենտրոնով: Մարդիկ փորձեցին փակել ճանապարհը, Աֆղանստանում փորձառություն անցած զորքը կրակեց, սպանվեց քանդակագործ Արմեն Հակոբյանը:
Երեսուն տարի առաջ Ստեփանակերտի Մազի կամուրջը դիմադրության խորհրդանիշ էր: Այսօր այնտեղ հայ ոստիկանները մոտենում, նայում են, թե մեքենայում քանի ուղեւոր է: Վիճակագրության համար: Երեւի ռուս խաղաղապահների հանձնարարությամբ, քանի որ իրենք, կարծես, այլեւս հաշվառման մատյան չեն պահում:
1825-ին կառուցված Մազի կամուրջը կա: 2025-ին կլրանա Արցախում ռուս խաղաղապհների ներկայության համաձայնեցված ժամկետը: Շուշիի խանությունը լուծարելուց եւ ռուսական վարչակազմ հաստատելուց ուղիղ երկու հարյուր տարի անց: Գեներալ Մուրադովն ասում է՝ ժամկետը կերկարաձգվի: Կենցաղային ընկալմամբ գրեթե բոլորն են վստահ, որ «ռուսները երկար կմնան կամ առհասարակ չեն հեռանա»: Իսկ Թուրքիայում «ադրբեջանական զորախմբի» հրամանատարություն է կազմավորվել։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։