Ըստ բրիտանական BBC-ի՝ Լոնդոնի Բարձրագույն դատարանը 90 տարով հետաձգել է արքայազն Ֆիլիպի կտակի հրապարակումը՝ նրա այրու՝ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու «արժանապատվությունն ու համբավը» պաշտպանելու համար:
Այդ ամբողջ ժամանակահատվածում ծրարը պահվելու է Լոնդոնի Բարձրագույն դատարանի ընտանեկան գործերի ստորաբաժանման նախագահի չհրկիզվող պահարանում: Այստեղ պահվում են նաեւ թագավորական ընտանիքի մահացած անդամների եւ Եղիսաբեթ Երկրորդի մահացած մերձավորների եւս 30 կտակ:
Ձեւավորված ավանդույթով թագավորական կտակը երկար տասնամյակներ կարող է կնքված մնալ: Նման ավանդույթը նպաստավոր է կառավարող միապետի ու նրա շրջապատի անձնական կյանքի առանձին դվագները գաղտնի պահելու համար:
Միակ բացառությունն արվել է 1997-ին, երբ բացել են արքայադուստր Դիանայի կտակը: Կտակով Դիանան իր ունեցվածքը թողել էր որդիներին՝ Ուիլյամին եւ Հարրիին: