Ըստ ամերիկյան The New York Times պարբերականի՝ վրացի աշխարհահռչակ շախմատիստուհի Նոնա Գապրինդաշվիլին դատական հայց է ներկայացրել ընդդեմ Netflix հեռուստաընկերության՝ որպես փոխհատուցում պահանջելով 5 միլիոն դոլար։
Դատական հայցի հիմքում Netflix-ի «Թագուհու քայլը» հեռուստասերիալն է։ Գապրինդաշվիլիի պնդմամբ՝ ֆիլմի դրվագներից մեկում սխալ տեղեկություն է սպրդել իր մարզական ձեռքբերումների վերաբերյալ։
Սերիալում, մասնավորապես, ասվում է, թե վրաց շախմատիստուհին երբեք տղամարդկանց հետ չի մրցել, ինչը, ըստ հայցվորի, իրականությանը չի համապատասխանում։
80-ամյա լեգենդար շախմատիստուհու շահերը ներկայացնող փաստաբանական խումբը հայցում նաեւ նշել է, թե Netflix-ը էլ ավելի է վիրավորել Գապրինդաշվիլիին՝ նրան ներկայացնելով ռուսաստանցի շախմատիստուհի՝ անտեսելով այն հանգամանքը, որ Վրաստանը «շարունակում է պայքարել ռուսական ագրեսիայի դեմ»։