Իտալիայի կառավարությունը որոշում է ընդունել, ըստ որի՝ բոլոր պետական ու մասնավոր ընկերությունների աշխատակիցները հոկտեմբերի 15-ից պարտավոր են կորոնավիրուսի դեմ պատվաստված լինել, բացասական թեստի կամ էլ կորոնավիրուսից բուժված լինելու մասին տեղեկանք ներկայացնել, այլապես իրենց հաշվին արձակուրդ են մեկնելու: Իտալիան Եվրոպայի առաջին պետությունն է, որ նման խիստ միջոցներ է ձեռնարկում: «Կանաչ անձնագրեր» պարտավոր են ներկայացնել բոլոր աշխատող անձինք: Հոկտեմբերի կեսից մոտ 23 միլիոն մարդ պետք է ներկայացնի պատվաստումը հաստատող փաստաթուղթ կամ կորոնավիրուսի բացասական թեստ:
Հիպոկրատին երդում տվածների սոցիալական պատասխանատվությունը
Ֆրանսիայում երեք հազար բժշկի, բուժքրոջ եւ բժշկական հաստատությունների այլ աշխատակիցների աշխատանքը կասեցրել են ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստումներից հրաժարվելու պատճառով: Ֆրանսիայում ուժի մեջ մտած հրամանագրով պատվաստումը պարտադիր է բոլոր բուժաշխատողների, հրշեջների եւ ծերանոցների աշխատակիցների համար:
Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվյե Վերանը հայտարարել է, թե աշխատանքից ազատումը ժամանակավոր միջոց է, քանի դեռ տվյալ աշխատակիցը չի պատվաստվել: Նա ընդգծել է, որ շատ ֆրանսիացիներ համաձայնել են պատվաստվել միայն համապատասխան կանոնի ներդրումից հետո:
Նպատակը բնակչության 80%-ին պատվաստելն է
Ավստրալիայում, կորոնավիրուսը հաղթահարելու ուղղված ջանքերին հակառակ, վարակվածների ռեկորդային թիվ է գրանցված վերջին օրերին: Այդ հանգամանքը հաշվի առնելով՝ երկրի ղեկավարությունը որոշել է գնալ նոր խստացումների:
Մասնավորապես, Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը հայտարարել է, որ պատվաստված եւ չպատվաստված քաղաքացիների համար կանոնները տարբեր կլինեն. չպատվաստված քաղաքացիները կարող են զրկվել մի շարք ազատություններից:
Այսուհետ Ավստրալիայում խանութներ եւ ռեստորաններ գնալը կամ ճանապարհորդելը հասանելի կլինի միայն ամբողջությամբ պատվաստված անձանց համար:
Բերեջիկլյանը նշել է, որ չի ուզում՝ մարդիկ կարծեն, թե կարող են ձեռքերը ծալած նստել եւ սպասել, մինչեւ մյուսները պատվաստվեն, իսկ իրենք օգտվեն նույն ազատություններից, ինչ պատվաստվողները: Նա ընդգծել է, որ նպատակը բնակչության 80%-ին պատվաստելն է: