Հայաստանում կանայք ավելի շատ ժամանակ են ծախսում չվարձատրվող տնային աշխատանքի վրա եւ վաստակում տղամարդկանցից քիչ:
Հայաստանում չվարձատվող խնամքի եւ տնային աշխատանքը կանանց մենաշնորհն է՝ համաձայն վերջին վիճակագրական տվյալների: Ընդ որում՝ այս ցուցանիշի հաշվարկման մեթոդաբանությունը բոլորովին վերջերս (2019) է տեղայնացվել ՄԱԿ-ի Կանանց գրասենյակի աջակցությամբ:
Թեեւ ոչ ֆորմալ զբաղվածության մեջ զգալի մասը կազմում են կանայք, որոնք ներգրավված են գյուղատնտեսական չվարձատրվող աշխատանքներում, սակայն դրանից ստացված վերջնարդյունքը զգալի դրական ազդեցություն ունի տնային տնտեսությունների ֆինանսական ապահովության վրա: Ի տարբերություն գյուղատնտեսական չվարձատրվող աշխատանքների՝ չվարձատրվող խնամքի եւ տնային աշխատանքն էապես նվազեցնում է կանանց տնտեսական ակտիվությունն աշխատաշուկայում եւ դարձնում նրանց ավելի խոցելի: Այս առումով Հայաստանում առկա աշխատանքային ռեսուրսների սղության պայմաններում կանանց ներուժի մասնակի կամ ամբողջական չօգտագործումը տնտեսական լուրջ հետեւանքներ կարող է ունենալ:
Աշխատանքի միջազգային կազմակերպության 2019-ին հեղինակած Չվարձատրվող խնամքի, տնային աշխատանքների եւ աշխատաշուկայի վերաբերյալ զեկույցում Հայաստանը չվարձատրվող խնամքի եւ տնային աշխատանքներում կանանց ծախսած ժամաքանակի ցուցանիշով 75 երկրների շարքում զբաղեցնում է 13-րդ տեղը: Միեւնույն ժամանակ չվարձատրվող խնամքի եւ տնային աշխատանքների վրա տղամարդկանց ծախսած ժամաքանակի ցուցանիշով Հայաստանը 59-րդ տեղում է:
Սա վկայում է առաջին հերթին հասարակության մեջ ամրապնդված կարծրատիպերի եւ աշխատանքի բաժանման մշակութային առանձահատկությունների մասին: Մեր երկրում ընդունված է համարել, որ կանայք պետք է զբաղվեն երեխաների խնամքով եւ տնային գործերով, իսկ տղամադիկ՝ գումար վաստակեն: Նույն զեկույցի համաձայն՝ Կենտրոնական եւ Արեւմտյան Ասիայի 5 երկրների շարքում ընդհանուր չվարձատրվող խնամքի եւ տնային աշխատանքներում կանանց մասնաբաժնով Հայաստանն առաջին տեղում է:
Կանանց մասնաբաժինը ընդհանուր չվարձատրվող աշխատանքներում.
Կենտրոնական եւ Արեւմտյան Ասիա
Թվերը մտահոգիչ են նաեւ ընդհանուր կանանց աշխատանքներում չվարձատրվող տնային եւ խնամքի աշխատանքի մասնաբաժնով: Այսպես՝ Հայաստանը զբաղեցնում է 12-րդ տեղը 72 երկրների շարքում ընդհանուր կանանց կատարած աշխատանքներում չվարձատրվող խնամքի եւ տնային աշխատանքների մասնաբաժնով (75,5%): Մինչդեռ չվարձատրվող խնամքի եւ տնային աշխատանքում տղամարդկանց մասնաբաժնով (17,8%) ընդհանուր տղամարդկանց աշխատանքներում Հայաստանը զբաղեցնում է 58-րդ տեղը 72 երկրների շարքում:
Եթե դիտարկենք օրական կտրվածքով աշխատող կանանց ծախսած ժամանակը չվարձատրվող տնային աշխատանքների եւ վարձատրվող աշխատանքի վրա, ապա պարզ կդառնա, որ Հայաստանում կանայք մի քանի անգամ ավելի ժամանակ են հատկացնում չվարձատրվող տնային աշխատանքներին, քան վարձատրվող աշխատանքին:
Այսպես, օրական կտրվածքով Հայաստանում աշխատող կանայք միջինում 312 րոպե կամ 5,2 ժամ զբաղվում են չվարձատրվող տնային աշխատանքներով եւ 101 րոպե կամ 1,6 ժամ՝ վարձատրվող աշխատանքով: Մինչդեռ տղամարդիկ օրական ծախսում են ընդամենը 63 րոպե կամ 1 ժամ չվարձատրվող տնային աշխատանքի, իսկ 291 րոպե կամ 4,9 ժամ վարձատրվող աշխատանքի վրա:
Հայաստանի աշխատաշուկայում վարձատրության գենդերային խզվածքի եւ գենդերային անհավասարությանը նվիրված վերջին զեկույցում, որտեղ ներկայացված են ամենաթարմ տվյալները, եւս նշվում է, որ կանանց կողմից չվարձատրվող տնային աշխատանքի վրա ծախսված ժամերը տարբեր են՝ կախված աշխատաշուկայում ունեցած իրենց կարգավիճակից: Սակայն նույնը չի կարելի ասել տղամարդկանց համար: Զբաղված կանայք շաբաթական 27.5 ժամ ծախսում են չվարձատրվող տնային աշխատանքների վրա, իսկ աշխատաշուկայում մասնակցություն չունեցող կանայք՝ մեկ երրորդով ավելի (37.5): Մյուս կողմից՝ տղամարդիկ տնային աշխատանքների վրա ծախսում են շաբաթական մոտ 11 ժամ՝ անկախ աշխատաշուկայում ունեցած իրենց կարգավիճակից: Ընդ որում՝ Հայաստանում ժամային վարձատրության գենդերային չճշգրտված խզվածքը գնահատվում է 23.1%, իսկ ամսական աշխատավարձով հաշվված չճշգրտված խզվածքը 40% է, որն արտացոլում է ե՛ւ վարձատրության, ե՛ւ աշխատած ժամերի գենդերային խզվածքները: Այսինքն՝ միջին վիճակագրական տղամարդն ամսական վաստակում է կնոջ վաստակած գումարից 40%-ով ավելին:
Ընդհանուր առմամբ, Հայաստանում տնային աշխատանքների վրա կանայք ծախսում են շաբաթական շուրջ 59 ժամ կամ օրական 8 ժամ, իսկ տղամարդիկ՝ ընդամենը 28 ժամ կամ օրական 4 ժամ: Ողջ աշխարհում այս ցուցանիշը գրեթե կիսվում է թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց պարագայում: Այսպես՝ աշխարհում կանայք չվարձատրվող տնային աշխատանքի վրա ծախսում են օրական շուրջ 4 ժամ, իսկ տղամարդիկ՝ 2 ժամ:
Այսպիսով՝ Հյաստանում կանայք իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում են տնային աշխատանքի եւ երեխաների խնամքի վրա, ինչը տղամարդկանց ծախսածից երկու անգամ ավելի է:
Անահիտ Ղարիբյան