«Վերցնում եմ ջրաներկի թուղթ եւ քիմիական երկու հատուկ նյութեր խառնում հավասար քանակությամբ, ստացվում է ուլտրամանուշակագույնի հանդեպ զգայուն նյութ: Լուսանկարի նեգատիվը տպագրում եմ թափանցիկ պերգամենտի վրա, ապա տեղադրում ակվարելի թղթի վրա, հետո` երկու ապակու արանքը եւ ամրացնում ամրակներով, այնպես, որ նեգատիվը հնարավորինս կիպ կպած լինի թղթին:
2-20 րոպե թողնում եմ արեւի տակ, այդպես երեւակվում է, որի ընթացքում գույնը փոխվում է, դեղնականաչավունը ստանում է կապտականաչավուն երանգ։ Խտությունը, պայծառությունը կախված են արեւից, ժամից: Վերջում հանում եմ ու լվանում: Կոնտրաստն ապահովելու համար կարելի է նաեւ ջրածնի պերոքսիդ լցնել վրան»:
Գեղանկարիչ, լուսանկարիչ Լիլիթ Միկոյանը նկարագրում է ցիանոտիպիան՝ լուսատպման տեխնիկան, որը լուսանկարչության տպագրության այլընտրանքային եղանակներից է:
Այս մեթոդը հայտնաբերել է աստղագետ, ֆիզիկոս Ջոն Գերշելը 1842 թվականին եւ օգտագործել իր գծանկարները վերատպելու համար: Դրանից հետո ցիանոտիպիայի մեթոդը սկսել է կիառվել գեղանկարչության եւ հատկապես լուսանկարչության մեջ: Հայաստանում դրանով քչերն են զբաղվում, մինչդեռ աշխարհում այս ուղղությունը մեծ տարածում ունի:
«Ցիանոտիպիան ժամանակին շատ էին օգտագործում գծագրերի, հատակագծերի բազմացման համար, բույսերի մասին ամենահին գիրքը տպագրված է այս տեխնիկայով, իսկ լուսանկարչության մեջ միայն 20-րդ դարում է հայտնվել»,- ասում է Լիլիթը։
Այս տեխնոլոգիայով նաեւ ֆոտոգրամմաներ են ստանում: Ամերիկայում, օրինակ, կարելի է մտնել նկարչական խանութ, որտեղ վաճառում են արդեն պատրաստի թղթերը՝ քիմիական նյութերով, տուն տանել, տերեւներ շարել ու դնել արեւի տակ, ապա՝ շրջանակի մեջ ու կախել պատին:
Լիլիթը մասնագիտությամբ նկարչուհի է, բայց ավելի շատ զբաղվում է լուսանկարչությամբ։ Փորձում է ավանդական մտածողության գծագրված շրջանակից դուրս գալ՝ զգալու, հասկանալու քաղաքի տարբեր շերտերը: «Ուր գնում, նկարում էի, մինչ օրս քայլում ու նկարում եմ: Եթե ժամանակին Երեւանն ու նրա բնակիչներին էի նկարում եւ հատկապես ծեր մարդկանց, ապա այսօր շեշտը դնում եմ քաղաքային միջավայրի վրա. շենքեր, պատուհաններ, փողոցներ։ Լուսանկարներիս մեջ մարդը հայտնվում է միայն ուրվապատկերի տեսքով, միջավայրում մարդը չի շեշտադրվում»:
Լիլիթը ցիանոտիպիայով սկսեց զբաղվել 2016 թվականին, երբ ՆՓԱԿ-ում մասնակցեց գյումրեցի արվեստագետ, լուսանկարիչ Արմեն Տեր-Մկրտչյանի վարած դասընթացին: Թվանշային ֆոտոխցիկն ու այլընտրական լուսանկարչության տեխնիկան թույլ են տալիս համադրել հինն ու նորը, անմիջապես լինել պատկերի ստեղծման ականատեսը:
Լիլիթին հենց ընթացքն է գրավում, «թե արդյունքում ինչ կստացվի, չես իմանա»,- ասում է լուսանկարիչը։ «Ի տարբերություն ժապավենային լուսանկարչության, որ մի նեգատիվով նույն նկարներից շատ կարելի է ստանալ, սա անկանխատեսելի արդյունք է ապահովում՝ պայմանավորված արեւի, եղանակի, ժամի հետ»:
Այս տեխնիկան թույլ է տալիս փորձարկումներ անել ու երբեք չի ձանձրացնում, ժամանակի ընթացքում Լիլիթը հասկացել է, որ արդեն տեխնիկան է թելադրում ինչ ու ինչպես նկարել:
Նկարների կարեւոր բաղադրիչը լույսն է, լույսի միջոցով առաջացած ստվերը, լույսի ու ստվերի միջոցով առավել արտահայտիչ դարձած միջավայրը: Ստվերը Լիլիթը դիտարկում է որպես առանձին սուբյեկտ, որը ժամանակի ու տարածության մեջ փոփոխվում է: Լուսանկարների մի մասն արված է հեռախոսով, ինքնադիմանկարների այս շարքը՝ նույնպես։ Ցիանոտիպիայի դեպքում էական չէ ինչով ես նկարում:
Լիլիթ Միկոյանի ցիանոտիպիայի լուսանկարների ցուցադրությունը բացվել է «Դալան» ցուցասրահում, կգործի մինչև սեպտեմբերի 22-ը:
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։