«World Cleanup Day»-ը՝ համաշխարհային մաքրության օրը, սովորաբար նշվում է սեպտեմբերին: Ամեն ինչ սկսվեց 2008 թվականին, երբ էստոնացի ձեռնարկատեր Ռայներ Նիլվակն իր ընկերներին առաջարկեց երկիրը մաքրել աղբից։ 2008 թվականի մայիսի 3-ին Էստոնիայի փողոցներ դուրս եկավ 50 հազար մարդ։ Ակցիան վերածվեց կամավորական մեծ շարժման։ Այն սկզբում միայն Էստոնիայում էր, այսօր արդեն 150 երկիր է միացել:
Հայաստանը «World Cleanup Day»-ին միացավ 2018 թվականին, մասշտաբային միջոցառմանը շուրջ 100 հազար մարդ մասնակցեց:
Հայաստանյան «World Cleanup Day»-ը միջազգային շարժումից տարբերվում է նրանով, որ չի սահմանափակվում մեկ օրով: Ակցիայի նպատակն է բարձրացնել հանրության իրազեկվածությունը թափոնների ոչ ճիշտ կառավարման ճգնաժամի վերաբերյալ՝ մաքրման աշխատանքներին մասնակցելու համար մոբիլիզացնելով հասարակության բոլոր շերտերին:
«Էկոաղբ» հասարակական կազմակերպության եւ «Սպիտակ ջոկատ» հանրային նախաձեռնության անդամները որոշել են մաքրել Հրազդանի կիրճն ու Երեւանյան լճի ափամերձ տարածքը: Բաժանվել են խմբերի. սկզբում աղբը տեսակավորում են՝ առանձնացնելով պլաստիկը, ապակին եւ շշերի պլաստիկե խցանները: Հետո արդեն հանձնում են վերամշակման գործարաններին, իսկ անպիտան թափոնների տեղափոխումը աղբավայրեր կազմակերպում են քաղաքապետարանի աջակցությամբ: «Էկոաղբ»-ի նախաձեռնությանը միացել են նաեւ քաղաքապետարանի աշխատակիցներ, դպրոցների աշակերտներ:
«Այս ամբողջ աղբը կուտակվում է, ըստ ամենայնի, լճի հարակից ենթակառուցվածքներից, օբյեկտներից, շենքերի բնակիչներն են աղբ թափում: Իսկ առավոտյան նկատեցի, որ ձկնորսներն անգամ ձուկ են որսում կեղտոտ տարածքում, ավելին՝ տարածքն իրենցից հետո չեն էլ մաքրում»,- ասում է «Էկոաղբ» ՀԿ-ի կամավոր Արգիշտի Դարբինյանը: Արգիշտին նաեւ քաղաքապետարանի թափոնների տեսակավորման վարչության աշխատակից է։ Նա ասում է, որ 2022 թվականի Երեւան քաղաքի մաքրման, բարեկարգման ծրագրերի մեջ ներառված է նաեւ Երեւանյան լիճը:
Նախաձեռնության մասնակից Գրիգորին Հադրութից է, պատերազմից հետո ընտանիքով հաստատվել են 16-րդ թաղամասում: Դասընկերներով են միացել ակցիային։ Տասնյոթամյա երիտասարդն ասում է. «Հայասատանը միայն խոսքերով չէ, որ պետք է սիրել, այն ամենօրյա խնամքի, հոգատարության ու մաքրության կարիք ունի: Այն, ինչ հիմա տեսնում ենք, հայրենիքը չսիրելու վառ օրինակ է ինձ համար: Հադրութում էլ էի նման ակցիաների մասնակցում»։
Ակցիայի մասնակից երիտասարդները մաքրման աշխատանքներից հետո շտապեցին փոքր կենտրոն՝ բանուկ հատվածներում շարունակելու իրազեկման աշխատանքը, հնչեցին շարժմանը միանալու կոչեր: Նրանք հույս ունեն, որ մի օր գուցե ձեւավորվի շրջակա միջավայրը մաքուր պահելու մշակույթը:
Այս օրերին մաքրման աշխատանքներ են կատարվում նաեւ մարզերում: «ԼՅՈՒՊԻՆ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը «Ստեղծարար համայնք» ծրագրի շրջանակում մաքրում է պատմամշակութային կոթողների շրջակայքը: Այս անգամ ընտրել էին Թալինի Սուրբ Կաթողիկե եկեղեցու տարածքը։ Թալինի տարածաշրջանի յոթ գյուղ միացավ նախաձեռնությանը: Երիտասարդները գտել են սեփական օրինակով համայնքին օգտակար լինելու ձեւը. առաջարկում են շրջակա միջավայրի մաքրությունը սկսել սեփական բակից ու համայնքից:
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։