Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ներկայացուցիչ Անար Էյվազովը «զարմանալի եւ ափսոսալի» է որակել Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկությունը, ըստ որի՝ սեպտեմբերի 17-ին Շուշիի շրջանում երկու հայ զինծառայող է վիրավորվել ադրբեջանական բանակի ստորաբաժանումների հրետակոծության հետեւանքով:
Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը նախօրեին հայտնել էր Շուշի քաղաքի մոտակայքում հայկական զինված կազմավորումների դիրքերի գնդակոծման մասին:
«Միջադեպը հետաքննվել է Ադրբեջանի Հանրապետության ՊՆ ներկայացուցիչների եւ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ կոնտինգենտի ղեկավարության մասնակցությամբ: Պարզվել է, որ ադրբեջանական բանակի ստորաբաժանումները կրակ չեն բացել այդ ուղղությամբ նշված ժամանակահատվածում: Այնուամենայնիվ, հետագայում երկու կողմերի մասնակցությամբ ուսումնասիրված տեղեկությունը ներկայացվել է բոլորովին այլ ձեւով»,- ասել է ադրբեջանական ՊՆ-ի ներկայացուցիչը:
Ըստ ռուսական կողմի հաղորդման` սեպտեմբերի 17-ին «Շուշայի շրջանում արձանագրվել է Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների պոստերի երեք գնդակոծում»։ Հայկական կողմի տեղեկությամբ՝ կրակը վարվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի դիրքերից: