2018 թվականից Բաց կառավարման գործընկերության ազգային երկամյա ծրագրի շրջանակում կառավարությունը բիզնեսի բոլոր ճյուղերի իրական սեփականատերերի հրապարակայնությունը հանրային բաց ռեգիստրի միջոցով հասանելի դարձնելու պարտավորություն է ստանձնել:
Սա նշանակում է, որ ընկերությունները պարտավոր են հայտարարագիր ներկայացնել պետական լիազոր մարմին՝ պետական ռեգիստր իրենց իրական շահառուների՝ սեփականատերերի վերաբերյալ:
Այսուհետ առցանց հարթակում հասանելի կլինեն տեղեկություններն այն անձանց մասին, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն տիրապետում են տվյալ ընկերության՝ իրավաբանական անձի բաժնեմասերի 20 եւ ավելի տոկոսին, իրականացնում են դրա նկատմամբ փաստացի վերահսկողություն, հանդիսանում են տվյալ ընկերության ղեկավարը:
Ընդ որում, եթե ներկայացված տվյալները կեղծ են կամ թերի, ենթադրվում է վարչական պատասխանատվություն: 100 հազար դրամի չափով վարչական պատասխանատվության կարող են ենթարկվել նաեւ հայտարարագիր չներկայացրած ընկերությունները: Եթե դիտավորյալ ներկայացվել են կեղծ կամ ոչ ամբողջական տեղեկություններ, ապա նախատեսվում է քրեական պատասխանատվություն մինչեւ 500 հազար դրամի չափով:
Գործընթացը սկսվել է հանքարդյունաբերության ոլորտից՝ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունից (ԱՃԹՆ): «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը համարում է, որ դրա շնորհիվ ներկայում հանքարդյունահանող ընկերությունների վերաբերյալ ԱՃԹՆ կայքում մի շարք կարեւոր տեղեկություններ հասանելի են, օրինակ՝ ընկերության շրջանառությունը, արդյունահանված զանգվածի քանակն ու արժեքը, վճարված հարկերը:
«Այս տեղեկությունը հնարավորություն է տալիս որոշակի պատկերացում կազմելու տվյալ ընկերության գործունեության ու պատասխանատվության մասին, բայց ոլորտի ընկերությունների մեծ մասը գրանցված է օֆշորային գոտիներում, որոնք բոլորի համար փակ են (բացառությամբ որոշ պատասխանատու մարմինների), հետեւաբար, չնայած ներդրված ջանքերին, տեղեկությունը լիարժեք հասանելի չի լինի հանրությանը»,- մտահոգություն հայտնեց տիկին Զարաֆյանը:
Էկոիրավունքի փորձագետ Արթուր Գրիգորյանի համոզմամբ եւս հանքարդյունաբերության ոլորտի դեպքում առաջնահերթ հետաքրքիր է, թե ով է շահ ստանում իրականում:
Գործընթացի շրջանակում համապատասխանաբար ընթանում են իրավական դաշտի կարգավորումներ: Հունիսի 3-ին Իրավաբանական անձանց պետական գրանցման վերաբերյալ օրենքում կատարված փոփոխությունների համաձայն սեպտեմբերի 1-ից սկսած լիցենզավորվող ընկերություննները, այդ թվում հեռուստա- եւ ռադիոընկերությունները, պարտավոր են իրենց իրական շահառուների վերաբերյալ մինչև նոյեմբերի 1-ը հայտարարագիր ներկայացնել պետական ռեգիստր: Մասնագետների գնահատմամբ, սա թերեւս լավ առիթ է Մեդիային կրկին վստահելի աղբյուր դարձնելու առումով:
Հաջորդիվ 2022-ին թափանցիկության թեստ պետք է անցնեն էներգետիկայի ոլորտի ընկերությունները, իսկ 2023-ին՝ նաեւ հասարակական կազմակերպությունները: Ոլորտների հաջորդականությունը պետությունը սահմանել է տարբեր առջնահերթություններով պայմանավորված, բայց հաջորդաբար բոլոր ոլորտներն են մտնելու գործընթացի մեջ:
Նոր ընդունված իրավական դրույթները, նախատեսվող պարտավորությունները, դրանք չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում առաջ եկող վարչական ու քրեական պատասխանատվության հարցերը քննարկելու նպատակով Ինֆորմացիայի ազատության կենտրոնը (ԻԱԿ) շահագրգիռ կողմերին կլոր սեղանի շուրջ էր հրավիրել:
«Իրական սեփականատերերի թափանցիկության ապահովումը հզոր գործիք է քաղաքացիական հասարակության ձեռքին՝ կանխելու եւ բացահայտելու կոռուպցիոն ռիսկերը, ինչպես նաեւ բարձրաձայնելու ոլորտում առկա խնդիրները՝ խթանելով հրապարակայնությունն ու հաշվետվողականությունը»,- աշխատանքային քննարկման իր ելույթում նշեց ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը:
Դոյդոյանի կարծիքով օրենքի կիրառումը կբացառի կոռուպցիոն ռիսկերը, կբարձրացնի բիզնեսի պատասխանատվությունը, միաժամանակ, սակայն, առաջ կգան ուշադրության արժանի մի շարք խնդիրներ։ Օրինակ՝ քննարկմանը մասնակից Մեդիա ոլորտի ներկայացուցիչները մտահոգություն հայտնեցին, որ իրենց իրական սեփականատերերի բացահայտումը կարող է սպառնալ պոտենցիալ ֆինանսավորողներին, որոնք, հրապարակայնության արդյունքում, գուցե ձեռնպահ մնան ֆինանսավորումը շարունակելուց:
Իսկ վերահսկողության հարցերը մինչեւ վերջ ճշտված չեն, ինչպես պետք է ստուգվեն հայտարարագրված տվյալների իսկությունն ու ճշրգրտությունը:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։