սկիզբը՝ 1918-1920. Հայաստանը եւ Ադրբեջանը բաժանում են Զանգեզուրը
Իրավիճակը փոխվեց, երբ 1920-ի ապրիլին Ադրբեջանը խորհրդայանացվեց: Հունիս-հուլիսին, արդեն բոլշեւիկյան Ռուսաստանի քաջալերանքով եւ մասնակցությամբ, ադրբեջանական զորքերը ներխուժեցին Զանգեզուր: Օգոստոսի 8-ին բոլշեւիկյան ուժերը գրավեցին Գորիսը, երկու օր անց՝ Սիսիանը: Օգոստոսի 10-ի հայ-ռուսական համաձայնագրով, որ ստորագրվեց Թիֆլիսում, խորհրդային զորքերի կողմից «վիճելի մարզերը՝ Ղարաբաղը, Զանգեզուրն ու Նախիջեւանը, համարվում էին գրավված, սակայն դա չէր կանխալուծում այդ տարածքների հանդեպ Հայաստանի կամ Ադրբեջանի իրավունքի հարցը»:
1920 թվականի նոյեմբերի վերջին-դեկտեմբերի սկզբին իրավիճակը փոխվեց Հայաստանում: Բոլշիկների եւ քեմալականների հարվածների տակ իշխող ուժը՝ ՀՅԴ-ն, իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցեց Հայհեղկոմին, որը, Բաքվում ձեւավորվելով, նոյեմբերի 29-ին Իջեւանով մտավ Հայաստան եւ այն հայտարարեց բոլշեւիկյան:
Դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված հայ-ռուսական համաձայնագրի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը խորհրդայնացվեց: Համաձայնագրի երրորդ հոդվածով Խորհրդային Ռուսաստանը Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության (ՀՍԽՀ) մաս հանդիսացող տարածքներ էր ճանաչում նախկին Ռուսական կայսրության Երեւանի ամբողջ նահանգը (այդ թվում՝ Նախիջեւանը), Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի ողջ գավառը, Ղազախի գավառի արեւմտյան եւ հարավային մասերը:
Իրականում, սակայն, համաձայնագրի դրույթները, որոնք վերաբերում էին տարածքներին, մասամբ իրականություն դարձան: Նախիջեւանը անցավ Խորհրդային Ադրբեջանին, իսկ Զանգեզուրի եւ Ղազախի գավառները բաժանվեցին Խորհրդային Հայաստանի եւ Խորհրդային Ադրբեջանի միջեւ: Ղազախի գավառի բաժանման վերաբերյալ փաստաթուղթ հայտնի չէ: Բաժանման հիմք է ընդունվել այն սահմանագիծը, որը միմյանցից բաժանում է գավառի հայկական եւ մուսուլմանական գյուղերը:
Զանգեզուրը բաժանելու, այսինքն՝ այս գավառում խորհրդային երկու հանրապետությունների միջեւ սահմանագիծ տանելու գործը պատվիրակվեց հայ եւ ադրբեջանցի կոմունիստներին, գրում է այս շրջանը ուսումնասիրող պատմաբաններից Համո Սուքիասյանը:
1921 թվականի հոկտեմբերի 12-13-ին տեղի ունեցավ հայկական Զանգեզուրի եւ ադրբեջանական Ղուբաթլուի գավառների 43 «պատասխանատու գործիչների» խորհրդակցություն, որը որոշեց. «Ընտրել հանձնաժողով՝ պարզելու համար, թե որ գյուղերում են գյուղխորհուրդներ եղել, որոնց ներկայացուցիչները մայիսի 1-ին մասնակցել են համաադրբեջանական խորհուրդների առաջին համագումարին։ Այդտեղ պետք է տարածվեր Ղուբաթլուի գործադիր կոմիտեի իշխանությունը, իսկ Զանգեզուրի հեղկոմի տարածք համարել այն, որը 1921-ի հուլիսին մաքրվել է Նժդեհի բանդաներից»:
1921 թվականի ամռանը Զանգեզուրը շուրջ 4.5 հազար քառակուսի կիլոմետր տարածքով դե յուրե Խորհրդային Հայաստանի մաս կազմեց: Ալեքսանդր Մյասնիկյանի ստորագրությամբ Զանգեզուրի՝ Խորհրդային Հայաստանին կցված մասից կազմվեց գավառ Գորիս կենտրոնով, որն իր հերթին բաղկացած էր հետեւյալ գավառակներից՝ Գորիսի, Տեղի, Սիսիանի, Ղափանի եւ Մեղրիի:
Պատմաբան Ջորջ Բուռնությանը իր «Հայ ժողովրդի համառոտ պատմություն» կոթողային հատորում գրում է. «Մյասնիկյանին հաջողվեց խաղաղեցնել Զանգեզուրը, որը Լենինի աջակցությամբ մնաց Հայաստանի կազմում: Մոսկվան, հավանաբար, ի վերջո հասկացավ, որ Զանգեզուրը միակ բուֆերն է Թուրքիայի եւ Խորհրդային Միության թյուրքական ժողովուրդների միջեւ»:
1921-ի օգոստոսի 15-ին ՌԿ(բ)Կ Կենտկոմի Կովկասյան բյուրոն խորհրդայնացված Վրաստանին, Հայաստանին եւ Ադրբեջանին առաջարկել էր սահմանագծման վերաբերյալ ընդհանուր պայմանագիր ստորագրել: 1921-1922 թվականներին, երբ դեռ չէր ձեւավորվել Անդրկովկասյան Դաշնությունը, Խորհրդային Հայաստանի եւ Խորհրդային Ադրբեջանի միջեւ սահմանազատման մասին վերջնական համաձայնագիր չստորագրվեց, հայ-ադրբեջանական սահմանագիծը մնաց անորոշ եւ վիճելի:
1922-1936 թվականներին անդրկովկասյան երեք հանրապետությունները Թիֆլիս կենտրոնով ձեւավորեցին Անդրկովկասյան Դաշնությունը եւ ԽՍՀՄ-ի մաս կազմեցին:
Այս տարիներին մի քանի փորձեր արվեցին, այդ թվում Զանգեզուրում, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագիծ տանելու, քանի որ սահմանային շերտերում գտնվող հողատարածքների, անտառների, աղբյուրների պատկանելության եւ օգտագործման ժամանակ առաջ եկած վեճերը երբեմն ընդհարումների էին հանգեցնում, գրում է Սուքիաասյանը:
1923 թվականի փետրվարին Անդրկովկասյան Դաշնության Կենտրոնական գործադիր կոմիտեի (Կենտգործկոմ) նախագահությունը ձեւավորեց Հողային հանձնաժողով, որը գործեց մինչեւ 1930 թվականի աշուն: Հանձնաժողովն ուներ 9 անդամ՝ նախագահ եւ երկու տեղակալ, որոնց նշանակում էր Կենտգործկոմը, եւ երկուական անդամներ երեք հանրապետություններից:
Այս տարիներին Հայաստանը եւ Ադրբեջանը տարածքային-սահմանային սուր վեճեր ունեին Շինիխ-Այրումի շրջանի, Ալ լճերի (Ալագյոլլար), Կապանի շրջակայքի 21 գյուղերի (Ողջի գետի ավազանի 20 գյուղ-գյուղակներ՝ 412 տուն, 1552 անձ, Ծավ գետի ավազանի մեկ գյուղ՝ 25 տուն, 100 անձ) եւ Մեղրու երեք գյուղերի (Նյուվադի, Էյնաձոր, Թղութ՝ միասին 175 տուն, 664 անձ) պատկանելության, Զանգեզուրի եւ Ադրբեջանի Քուրդիստանի գավառների տարբեր բնակավայրերի միջեւ, նաեւ որոշակի հակասություններ Խորհրդային Հայաստանի եւ Նախիջեւանի սահմանագծման հարցերում:
Հողային հանձնաժողովը 1929-ի հունվարի 29-ից մինչեւ փետրվարի 2-ը գումարած նիստերի ընթացքում քննարկեց եւ որոշում կայացրեց նաեւ Խորհրդային Հայաստանի եւ Նախիջեւանի միջեւ 9 բնակավայրերի (Դարալագյազի գավառի Կուրթղուլաղ, Հորադիս, Օղբին, Աղխաչ, Դիգին-Ալմալու, Ալմալու, Իթղռան, Սուլթանբեկ, Մեղրու գավառի Կարճեւան գյուղերի) վիճելի համարվող հողատարածքների վերաբերյալ:
Անդրկովկասյան Դաշնության ղեկավարությունը, տեսնելով, որ հանրապետությունները չեն կարողանում հասնել համաձայնության, որոշեց Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա սահմանային խնդիրները «մեկ փաթեթով» լուծել, գրում է Սուքիասյանը:
1929-ի փետրվարի 18-ին Անդրկենտգործկոմի նախագահությունը մանրամասն քննության առավ դաշնության մեջ մտնող հանրապետությունների սահմանային գավառների միջեւ գոյություն ունեցող հողային եւ անտառային վեճերի թեման՝ կուտակված եւ անընդհատ հետաձգվող հարցերին վերջնական լուծումներ տալը համարելով խնդիր:
Չնայած այս հանգամանքին՝ նիստի ընթացքում ընդունված որոշումները հետագայում միանշանակ չընդունվեցին: Մասնավորապես, Շինիխ-Այրումի վիճելի տարածքի դեպքում հողատարածքի երեք քառորդը միացվեց Ադրբեջանին, որով եւ Հայաստանի տարածքում հայտնվեց Ոսկեպարի հարեւանությամբ գտնվող անկլավը: Արծվաշեն գյուղը նեղ հողաշերտով կապվելու էր Խորհրդային Հայաստանի հետ. հետագայում այդ հողաշերտն անցավ Ադրբեջանին, եւ Արծվաշենը վերածվեց անկլավի: Ալ լճերի դեպքում որոշվեց ամբողջ վիճելի տարածքը հանձնել Քուրդիստանի գավառին: Կապանի 21 գյուղերը միացվեցին Ադրբեջանին, իսկ Նյուվադին, Էյնաձորը եւ Թղութը՝ Հայաստանին:
Մանրամասն նկարագրությամբ հաստատվեց Զանգեզուրի եւ Քուրդիստանի գավառների սահմանագիծը՝ ըստ 1928 թվականի օգոստոսի 24–28-ին կողմերի միջեւ կայացված համաձայնության: Որոշվեց նաեւ ՀՍԽՀ կազմում թողնել Նախիջեւանի հավակնության առարկա դարձած 9 գյուղերը: Մեղրու գավառի Կարճեւան եւ Օրդուբադի գավառի Քիլիտ գյուղերի սահմանային վիճելի համարվող հողամասը գրեթե հավասարապես բաժանվեց երկու գյուղերի միջեւ:
1929-ի ամռանը եւ աշնանը, ինչպես նաեւ 1930-ի ընթացքում սահմանագծման եւ սահմանային նշանների տեղադրման աշխատանքներ իրականացվեցին հայ-ադրբեջանական սահմանագծում:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։