Հայկական բարեգործական ընդհանուր միությունը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 17-ին Նիդերլանդներում դաժան հանցագործության զոհ են դարձել ՀԲԸՄ անդամ երկու կանայք՝ կանանց կոմիտեի նախագահ Մարալ Տեր-Մովսեսյանը եւ կոմիտեի անդամ Ծնունդ Կարդանակյանը: «Ալիք մեդիա»-ին հաջողվեց մանրամասներ ճշտել դեպքից, մասնավորապես այն, որ ըստ ոստիկանության կանանց թիրախավորել է հոգեկան խանգարում ունեցող մի մարդ, որը բնակվում էր նույն շենքի վերեւի հարկում:
«Կանանցից մեկը 70 տարեկան էր, մյուսը՝ նրա զարմուհին՝ 50-ն անց: Վերջինս այցելել է իր տարեց ազգականուհուն, որի տանն էլ դեպքն է եղել: Ներկա է եղել նաեւ բժշկական խնամքով զբաղվող հոլանդացի մեկը, որին հաջողվել է փախչել դեպքի վայրից: Վեց շտապ օգնություն է ժամանել, սակայն կանանց փրկել չի հաջողվել»,-տեղեկացրեց «Նիդերլանդական օրագրի» խմբագիր Աշոտ Կնյազյանը: «Անմիտ մահ էր: Այստեղ հոգեկան խանգարումներ ունեցողները շատ են, շատ են մարդիկ, որոնք սթրես են տանում: Հանցագործը ձերբակալված է, ի դեպ, նա ինքնաձիգ աղեղ է գործադրել»,- ավելացրեց մեր զրուցակիցը: Ըստ նիդերլանդական մամուլի, հանցագործն իր տան պատշգամբից գործի է դրել աղեղնազեն (arbalest), ձերբակալվելու պահին վիրավորվել է, կա նաեւ այլ վիրավոր:
Սպանությունը կատարվել է Ալմելո քաղաքում. քաղաքապետ Արյեն Գերրիցենը Twitter-ում գրել է, որ ցնցված եւ վրդովված է տեղի ունեցած շատ լուրջ միջադեպից, իր վրդովմունքն է հայտնել նաեւ Ալմելոյի հայ համայնքի ղեկավար Օնիկ Գելիջին:
Սպանված հայուհիները իրաքահայեր էին:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։