Թուրքիայի նախագահ Էրդողանը նախօրեին ասել էր, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն հանդիպելու առաջարկ է արել: Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթն ավելի հանգամանալից է ներկայացրել Թուրքիայի նախագահի հայտարարությունը, որ նա արել է ՄԱԿ-ի վեհաժողովից առաջ տված ասուլիսում: Լրագրողներն Էրդողանին հիշեցրել են, որ Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ միջանցքի բացման ծրագրի վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այդպիսի բան չպետք է թույլ տրվի:
«Այդ նրբանցքի բացվել-չբացվելու հարցը քաղաքական բնույթ ունի։ Մի կողմից սա ասելն ու մյուս կողմից ինձ հետ հանդիպել ուզելը մտածելու տեղիք են տալիս: Եթե ինձ հետ տեսակցել է ուզում, ահա այստեղ պետք է մի շարք քայլեր կատարվեն: Մենք փակ չենք տեսակցությունների համար, տեսակցություններ կիրականացնենք։ Վրաստանի վարչապետի միջոցով էլ ինձ է փոխանցել տեսակցելու ցանկությունը, եւ դա տեղ է հասել: Բայց, ինչպես ասացի, երբ մենք այս տեսակցությունները կատարենք, այստեղ նրանք, դրական վերաբերմունք ցուցաբերելով, մյուս քայլերը պետք է անեն։ Եթե Վրաստանի վարչապետի միջոցով ինձ փոխանցած ցանկությունն իսկապես անկեղծ է, ես էլ անկեղծություն ցույց կտամ, եւ դիվանագիտության սկիզբը կդնենք այնտեղ: Անշուշտ, երբ դիվանագիտությունը սկսի, այստեղ պետք է մի շարք բաներ առնել-տալ: Մաղթում եմ, որ իշխեն ոչ թե ժխտական, այլ դրական մոտեցումները։ Առաջ Աստված, այսպիսով Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ առկա նեղությունն այս միջանցքի բացումով կհաղթահարվի»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթը չի բացառել, որ առաջիկա օրերին Էրդողանն ու Փաշինյանը հանդիպեն հենց Նյու Յորքում:
Այսօր թեմային անդրադարձել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գեւորգյանը: «Այս պահի դրությամբ Հայաստանի եւ Թուրքիայի պաշտոնյաների միջեւ որեւէ շփում տեղի չի ունեցել, թեեւ Հայաստանի կառավարությունը պատրաստ է նման շփումների: Այսպիսի արդյունավետ աշխատանքի պարագայում Հայաստանը պատրաստ կլինի նաեւ բարձր եւ բարձրագույն մակարդակով հանդիպումների»,- մամուլին ասել է Մանե Գեւորգյանը:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։