ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Մ․ Թրեյսիի ուղերձը Հայաստանի անկախության երեսնամյա հոբելյանի առթիվ, 21 սեպտեմբերի, 2021 թվական
Ուղիղ երեսուն տարի առաջ հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը քվեարկեց Խորհրդային Միության կազմից դուրս գալու օգտին՝ կատարելով առաջին քայլը անկախ ինքնիշխան պետության կարգավիճակի վերականգնման հարցում։
Այսօր, երբ նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության երեսնամյա հոբելյանը, ես տեսնում եմ հայ ժողովրդի ուժն ու տոկունությունը եւ ավելի լավ ապագա կառուցելու վճռականությունը՝ ի հեճուկս աննախադեպ մարտահրավերների, ինչպիսիք էին գլոբալ համավարակը եւ անցյալ տարի Հայաստանին պատուհասած պատերազմը։ Ես տեսնում եմ, որ այս հինավուրց ժողովուրդը անկախության միջոցով կերտում է իր պատմության նոր գլուխը։ Հայաստանն ընթանում է ժողովրդավարական բարեփոխումների ու երկրի քաղաքացիների համար տնտեսական հնարավորություններ ստեղծելու ճանապարհով եւ միաժամանակ ձգտում է լուծելու անվտանգային կարեւորագույն խնդիրները։ Երեսուն տարիների ընթացքում հայ-ամերիկյան գործընկերության հիմքում եղել են հենց այս ընդհանուր արժեքները։
Լայնածավալ եւ խոր գործընկերության ուղին
Մենք Միացյալ Նահանգների առաջին դեսպանությունը Հայաստանում բացեցինք երկրի անկախացումից կարճ ժամանակ անց՝ 1992-ին, սակայն հայ-ամերիկյան գործընկերությունը մեր երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից շատ ավելի վաղ է սկսվել։
Դեռեւս 1919-ին նախագահ Վուդրո Վիլսոնի վարչակազմի ներքո ամերիկյան կառավարությունը տարածաշրջանով մեկ օժանդակություն էր ցուցաբերում Ցեղասպանությունից տուժած հայերին։
Այնուհետ Միացյալ Նահանգներն ակտիվ դերակատարում ունեցավ՝ օգնելով Հայաստանին 1988-ի կործանարար երկրաշարժից հետո․ Միացյալ Նահանգների կառավարության ու մասնավոր քաղաքացիների կողմից տեխնիկական ու ֆինանսական օժանդակություն ցուցաբերվեց աղետի հետեւանքների վերացման ու անօթեւան մնացածներին օգնելու հարցերում։ ԱՄՆ արձագանքը սոսկ այս ողբերգության մասշտաբներով չէր պայմանավորված, այն ընդգծում էր մեր երկու ժողովուրդների միջեւ առկա կապերի խորությունը։ Խոսելով մեր ժողովուրդների կապի մասին՝ չենք կարող չհիշատակել հայկական ակտիվ սփյուռքը ԱՄՆ-ում, որը մեր երկու երկրների ու մեր հարաբերությունների ամրության հարցում մշտապես կարեւորագույն գործոնն է եղել։
Միացյալ Նահանգների եւ Հայաստանի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ մեր գործընկերության դուռն ավելի լայն բացվեց։ Եվ երեսուն տարի անց, որի ընթացքում Միացյալ Նահանգների կողմից տրամադրվել է շուրջ 3 միլիարդ ԱՄՆ դոլար աջակցություն, մեր կապերն առավել քան երբեւէ ամուր են։ Ամուր ժողովրդավարական հաստատությունների ձեւավորում ու պահպանում, իրավունքի գերակայության ապահովում եւ կոռուպցիայի դեմ պայքար, մարդասիրական օգնություն դրա կարիքն ունեցողներին, անվտանգային կառույցների կարողությունների մեծացում, տնտեսական հնարավորությունների վերհանում եւ խթանում, առողջապահական համակարգի ամրապնդում, մշակութային ժառանգության պահպանություն, կրթական հնարավորությունների ընդլայնում, փոխանակային ծրագրերի միջոցով ներդրումներ մարդկային կապիտալում եւ տարածաշրջանային խաղաղության նախաձեռնությունների օժանդակում․ ահա երկկողմ հարաբերությունների այն լայն շրջանակը, որի ձեւավորմանն ու ամրապնդմանն ուղղվել են մեր համատեղ ջանքերը։
Տոկունություն ի հեճուկս մարտահրավերների
Մեր բազմազան գործընկերությունն ամենուր միտված է այն նպատակին, որ մարդկանց կյանքը բարելավվի, բոլորս լինենք առողջ եւ ապահով ու ավելի լավ աշխարհ թողնենք մեր երեխաների համար։ Ինչպես այս տարի ավելի վաղ Հայոց ցեղասպանության հիշատակման իր խոսքում նշեց նախագահ Բայդենը, «այսօր, սգալով կորուստների համար, եկե՛ք նաեւ մեր հայացքն ուղղենք ապագային՝ դեպի մի աշխարհ, որ մենք ուզում ենք կառուցել մեր երեխաների համար։ Աշխարհ, որ ստվերված չէ մոլեռանդության ու անհանդուրժողականության առօրյա արատներով, աշխարհ, որտեղ հարգված են մարդու իրավունքները, եւ որտեղ բոլոր մարդիկ կարող են իրենց կյանքն ապրել արժանապատիվ ու անվտանգ»։
Վերջին քսան ամիսը փորձությունների շրջան էր, սակայն կրկին ի ցույց դրվեցին հայ ժողովրդի տոկունությունն ու հայաստանյան ժողովրդավարության ամրությունը։ Այս տարվա ամռանը տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնք ոչ միայն արժանացան միջազգային դիտորդների գովեստին հիմնարար իրավունքների ապահովման համար, այլեւ հպարտանալու առիթ դարձան շատ հայերի համար, որոնք տեսան, որ ի հեճուկս դժվարությունների՝ հայաստանյան ժողովրդավարությունն աներեր մնաց։ Ու թեպետ մենք չպետք է մոռանանք մինչ օրս չհաղթահարված մարտահրավերների, ողբերգությունների ու դժվարությունների մասին, սակայն աչքի առաջ պետք է ունենանք նաև այն ամենը, ինչին Հայաստանը հասել է, ու նոր ձեռքբերումների հասնելու ներուժը։
Վերջին երեսուն տարում ձեւավորված կապերի ամուր հիմքի վրա շարունակելով մեր աշխատանքը՝ մենք հայ-ամերիկյան հարաբերությունների դրական ապագա ենք տեսնում եւ շարունակում ենք վստահությամբ նայել Հայաստանի ապագային՝ որպես ինքնիշխան, բարեկեցիկ պետության, որը հաշվետու է իր ժողովրդի առաջ ու չունի վտանգներ հարեւաններից։ Մենք ակնկալում ենք մեր գործընկերության շարունակական ընթացք, քանի դեռ Հայաստանը գնում է 1991-ի սեպտեմբերի 21-ին որդեգրած ճանապարհով։
Պատրաստեց Կարինե Դավոյանը