ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության երեսնամյակի առթիվ՝ հայ ժողովրդին մաղթելով ուրախ ու ապահով Անկախության օր։
«Մեր երկու երկրները միավորված են պատմական, ընտանեկան, բարեկամական կապերով, այդ թվում՝ 1.5 միլիոն ամերիկահայերով, որոնք իրենց ներդրումն են ունենում մեր երկկողմ կապերը հարստացնելու ու ամրապնդելու հարցում։ Այս տարի մենք կտոնենք մեր երկու երկրների երկկողմ հարաբերությունների 30 տարին։ Մենք պատրաստ ենք եկող տարիներին շարունակել աջակցությունը հայ ժողովրդին ժողովրդավարական իր ուղին անցնելիս` աջակցելով մասնավորաբար ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման, մարդու իրավունքների առաջմղման, կոռուպցիայի դեմ պայքարի եւ իրավունքի գերակայության ապահովման ձեր ջանքերին»,- նշել է ԱՄՆ նախագահը։
Ջո Բայդենն ընդգծել է, որ վերջին տարվա ընթացքում հայ ժողովուրդը մարտահրավերների բախվեց, այդ թվում եղան մարդկային ողբերգական կորուստներ՝ պայմանավորված Լեռնային Ղարաբաղի հակամարտության մարտական գործողություններով։
ԱՄՆ նախագահը շեշտել է, որ վշտակցելով հայ ժողովրդին՝ ԱՄՆ-ը ձեռք ձեռքի տված կաշխատի ՀՀ Կառավարության հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ այլ տարածաշրջանային ձեւաչափերով՝ տարածաշրջանային կայունությունը խթանելու եւ հակամարտությունը կարգավորելու նպատակով։
Բայդենն ընդգծել է նաեւ, որ Միացյալ Նահանգները կշարունակի միջոցներ ձեռնարկել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ։
«Ի վերջո, մենք հանձնառու ենք շարունակել համագործակցությունը նոր կորոնավիրուսի դեմ պայքարում, որի նպատակով Միացյալ Նահանգները Հայաստանին հատկացրել է ավելի քան 14.2 միլիոն ԱՄՆ դոլար։ Այս համավարակի շրջանում մենք կշարունակենք միասին աշխատել նաեւ տնտեսության գլոբալ եւ ներառական առողջացման հարցում»,- շեշտել է ԱՄՆ նախագահը։