ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակի առթիվ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից լավագույն բարեմաղթանքներ հղելով Հայաստանի ժողովրդին։
Բլինքենն ընդգծել է, որ կոմունիստական բռնապետական համակարգը մերժելուց եւ Խորհրդային Միությունից անկախություն հռչակելուց հետո երեք տասնամյակների ընթացքում Միացյալ Նահանգները եւ Հայաստանը զարգացրել են ամուր գործընկերություն՝ հիմնված մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության սկզբունքների ու ժողովրդավարական ինստիտուտների հաստատման վրա:
«Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի նվիրվածությունը ինչպես այս ընդհանուր արժեքներին, այնպես էլ նրա միջազգային պարտավորություններին, որոնք կարեւոր դեր են խաղում տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդման համար»,- շեշտել է ԱՄՆ պետքարտուղարը։
Բլինքենն ընդգծել է, որ ԱՄՆ-ը արժեւորում է այն կարեւոր ներդրումները, որ հայազգի ամերիկացիները կատարում են Միացյալ Նահանգներում համայնքների զարգացման եւ պետության կենսունակության բարձրացման գործում: «Այս մշակութային կապերը եւ մեր ժողովուրդների ջերմ հարաբերությունները շարունակում են ամրապնդել բարեկամությունը մեր երկու պետությունների միջեւ»,-նշել է նա։
Բլինքենն ընդգծել է նաեւ, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Միացյալ Նահանգները շարունակելու է կողմերին աջակցել՝ ղարաբաղյան հակամարտության երկարատեւ քաղաքական լուծում գտնելու, ռազմական գործողությունների մարդասիրական հետեւանքները վերացնելու, մասնավորապես բոլոր կալանավորված անձանց ազատ արձակելու, անհետ կորածների ճակատագրերի պարզման եւ աճյունների ամբողջական ու արագ փոխանակման բանակցություններում:
«Այս կարեւոր օրը մենք շնորհավորում ենք Հայաստանին եւ ակնկալում կառուցել ուժեղ երկկողմ հարաբերություններ»,- եզրափակել է ԱՄՆ պետքարտուղարը: