Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ հայ ժողովրդին է հղել երջանկության, բարգավաճման եւ հաջողության իր բարեմաղթանքները:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին հղած շնորհավորական ուղերձում Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ գնահատում է այն նշանակալի ուղին, որ ուղիղ 30 տարի առաջ՝ անկախության ձեռքբերումից ի վեր անցել է հայ ժողովուրդը՝ ժամանակակից եւ ժողովրդավարական պետություն կերտելու համար: «Այսպիսով՝ հաղթահարելով մի շարք փորձություններ՝ Ձեր երկրին հաջողվել է ամրապնդել ինստիտուտների գործունեությունը»,- ընդգծել է Մակրոնը:
Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան եւ Հայաստանը կապված են պատմության մեջ խորապես արմատացած առանձնաշնորհյալ հարաբերություններով, այդ սերտ եւ վստահելի բարեկամական հարաբերություններն այսօր էլ շարունակվում են բոլոր ոլորտներում: Նա հույս է հայտնել, որ երկկողմ հարաբերությունների հարստություն այդ կապն ավելի կխորանա համագործակցության ամենատարբեր՝ մշակույթի, կրթության, առողջապահության, տնտեսության ոլորտներում:
Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ Ֆրանսիան ցանկանում է տարածաշրջանում խաղաղության դերակատար լինել, եւ այդ ոգով է, որ Հայաստանի կողքին է Լեռնային Ղարաբաղի արյունալի պատերազմից մեկ տարի անց իր առջեւ ծառացած մարտահրավերները հաղթահարելուն օգնելու համար: «Այս առումով Ֆրանսիան մասնավորապես ձեռնամուխ կլինի տարածաշրջանի մշակութային եւ հոգեւոր ժառանգության պահպանմանը, որն արտացոլում է Հարավային Կովկասի առանձնահատկությունն ու հարստությունը»,- իր ուղերձում գրել է Ֆրանսիայի նախագահը։
Էմանուել Մակրոնն ընդգծել է, որ Ֆրանսիան ջանք չի խնայելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում հակամարտության տեւական լուծում գտնելու եւ Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման հանգելու համար՝ ի նպաստ տարածաշրջանի զարգացման եւ բարգավաճման: «Դա ենթադրում է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսության վերսկսում Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Ֆրանսիան՝ որպես համանախագահող երկիր, պատրաստակամ է իր աջակցությունը ցուցաբերելու այդ հարցում»,- շեշտել է Ֆրանսիայի նախագահը: