Ֆրանսիայի ազգային ժողովի անդամ Վալերի Բուայեն անդրադարձել է Հայաստանի Անկախության օրվան ու հայ ժողովրդի առջեւ ծառացած մարտահրավերներին:
«Հայաստանի Անկախության այս օրը չմոռանանք այն կապերը, որ միավորում են մեր երկու երկրներին: Այս Հայաստանը՝ հարուստ ավելի քան 2000 տարվա պատմություն ունեցող մշակույթով եւ հզոր ինքնությամբ, այս Հայաստանը, որը պայքարել է Ֆրանսիայի կողքին մեր ազատությունների համար, հաղթահարել է պատմության փորձությունը, ինչպես եւ Ֆրանսիան»,- ֆեյսբուքյան գրառմամբ ընդգծել է Բուայեն:
Ֆրանսիացի պատգամավորը շեշտել է, որ Հայաստանը պայքարում է իր եւ իր ժողովրդի գոյատեւման համար՝ ընդդեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի:
Բուայեն ընդգծել է նաեւ, որ Անկախության այս օրը Հայաստանը ստիպված է տոնել հազարավոր երիտասարդների կորստի, հազարավոր վիրավորների եւ հայ գերիների ընտանիքների անորոշության պայմաններում:
«Ես հայ չեմ, բայց ֆրանսիացի լինելով հանդերձ ցանկանում եմ ասել, որ Հայաստանը Ֆրանսիայի քույրն է եւ, կարծում եմ, կարող է ապավինել մեր լիակատար աջակցությանը»,- գրել է Բուայեն: