ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում քննարկել են իրադրությունը Լեռնային Ղարաբաղում։
Ըստ ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրության՝ զրուցակիցները երկկողմ բանակցություններ են վարել՝ քննարկելով տարածաշրջանային մի շարք խնդիրներ: Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են նաեւ երկու երկրների միջեւ բազմակողմ համագործակցության հարցերը։ Պետդեպից նշել են, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի կարեւոր դաշնակիցն է, եւ կողմերը քննարկել են Աֆղանստանի հարցով համատեղ գործողություններն ու անհանգստություն առաջացնող տարածաշրջանային խնդիրները։
Պետքարտուղարության բարձրաստիճան հատուկ ներկայացուցիչը լրագրողների հետ ճեպազրույցում մանրամասներ է հայտնել այս հանդիպումից։ Նա նշել է, որ մեկ ժամ տեւած հանդիպման ընթացքում Բլինքենն ու Չավուշօղլուն խոսել են Կովկասի՝ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի մասին:
«Բնականաբար, նրանք քննարկել են Աֆղանստանի հարցը, խոսել են Սիրիայի մասին: Բացի դրանից՝ նրանք բավականին երկար զրույց են ունեցել Կովկասի՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի մասին»,- ասել է Պետդեպի ներկայացուցիչը:
Նա նշել է, որ ԱՄՆ-ը մշտապես փորձել է աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ հաշտեցման բանակցությունների հարցում: Ամերիկյան կողմի ներգրավվածությամբ է հնարավոր դարձել հայկական կողմից ականապատ որոշ տարածքների քարտեզների հանձնումն Ադրբեջանին, ինչի փոխարեն ադրբեջանական կողմն ազատ է արձակել մի քանի հայ գերիների:
«Այժմ հարցը հետեւյալն է՝ արդյոք ԱՄՆ-ի, Մինսկի խմբի անդամ այլ երկրների, Թուրքիայի աջակցությամբ մենք կարող ենք անել ավելին՝ նպաստելու համար այդ երկու երկրների միջեւ լարվածության թուլացմանը սահմանների երկայնքով՝ հաշվի առնելով մնացած գերիների ու ականների հարցերը, իսկ հետո նրանց օգնել ձեռնարկելու փոքր քայլեր, որոնք կարող են ուղի հարթել դեպի ավելի մեծ խաղաղության ու հաշտեցման գործընթաց»,- ընդգծել է Պետդեպի ներկայացուցիչը:
Նա շեշտել է, որ պետքարտուղարը այս հարցում մեծապես ներգրավված եւ հարեւան երկիր Թուրքիային պարզաբանել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է օգտակար լինելու, եթե կարիք լինի: «Մենք նաեւ պետքարտուղարից ավելի ցածր մակարդակներում երկկողմ հարաբերություններ ենք ունենում այս շաբաթ հայերի ու ադրբեջանցիների հետ՝ նույն առաջարկն անելով այստեղ»,- հայտարարել է Պետդեպի ներկայացուցիչը:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանը բացվել է սեպտեմբերի 14-ին Նյու Յորքում՝ կազմակերպության շտաբ-բնակարանում։ Ընդհանուր քննարկումները սկսվել են սեպտեմբերի 21-ին, կտեւեն մինչեւ 27-ը: Նստաշրջանի աշխատանքներին մասնակցում է նաեւ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։