Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, այսօր ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում, դարձյալ հայտարարել է, որ Անկարան հանդես է գալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման օգտին եւ չի ճանաչում Ղրիմի միացումը Ռուսաստանին:
Էրդողանից առաջ էլ Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարեց, թե Ղրիմի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ընտրությունները լեգիտիմ չեն, դրանք Անկարայի համար իրավական ուժ չունեն, քանի որ Թուրքիան չի ճանաչում թերակղզու միացումը ՌԴ-ին: Թուրքիայի ԱԳՆ-ում ընդգծել են, որ Թուրքիան պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը եւ անօրինական է համարում Ղրիմի անդամակցումը Ռուսաստանին:
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ի պատասխան հայտարարել է, որ Մոսկվան ուշադրություն է դարձրել Ղրիմի ընտրությունները չճանաչելու վերաբերյալ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությանը, եւ Ռուսաստանը համապատասխան եզրակացություններ կանի։
ՌԴ արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը «Սոլովյով Live»-ի եթերում ընդգծել է․ «Թուրքիան շատ լավ գիտի, որ Ղրիմը ՌԴ-ի ինքնիշխան մասն է»։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, թե Կրեմլում ցավում են, որ Թուրքիան նման դիրքորոշում ունի Ղրիմի վերաբերյալ, եւ հույս ունեն, որ ժամանակի ընթացքում Անկարան կփոխի այն:
«Մենք չենք ընդունում նման հայտարարությունները եւ այդ մասին բացեիբաց ասում ենք մեր թուրք գործընկերներին»,- ընդգծել է Պեսկովը լրագրողներին։
«Ղրիմի թեման այն թեման է, որի շուրջ մեր դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են։ Ցավում ենք Թուրքիայի նման դիրքորոշման համար, բայց միաժամանակ հույս ունենք, որ ժամանակի ընթացքում քաղաքական կամք կդրսեւորվի, եւ Թուրքիան կփոխի իր այդ դիրքորոշումը՝ պարզապես տուրք տալով ճշմարտությանն ու գործերի իրական դրությանը»,- շեշտել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։
Պատասխանելով լրագրողների հարցին, որ եթե Անկարան չի ճանաչում Ռուսաստանի սահմանները, արդյոք Թուրքիան ՌԴ-ի համար բարեկամ երկիր է, Պեսկովը նշել է, որ Թուրքիան Ռուսաստանի գործընկերն է, եւ տարաձայնությունները խոչընդոտ չեն երկկողմ հարաբերությունների եւ տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ փոխգործակցության զարգացման համար:
Նա ընդգծել է, որ փոխգործակցությունը պետք է շարունակվի, իսկ տարաձայնությունների հարցում ՌԴ-ն կշարունակի աշխատել թուրքական կողմի հետ՝ ակնկալելով, որ վաղ թե ուշ երկու երկրներին կհաջողվի մոտեցնել դիրքորոշումները։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ընդգծել է նաեւ, որ Ղրիմի իրավիճակը բոլոր հնարավոր քննարկումների շրջանակներից դուրս է: