«Միջազգային վերլուծական կենտրոնների, այդ թվում՝ Համաշխարհային բանկի եւ Ասիական զարգացման բանկի վերլուծություններով՝ ապաշրջափակումը շատ կարճ ժամանակում կբերի ՀՀ ՀՆԱ-ի 30 տոկոս աճի: Այլ խոսքով՝ ապաշրջափակումը յուրաքանչյուր մարդու կյանքը 30 տոկոսով կլավացնի»,- օրերս հարցազրույցներից մեկում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը եւ հավելեց, որ բաց հարաբերությունների մեջ կան շատ ավելի մեծ հնարավորություններ, քան փակ հարաբերություններում, եւ այդ առումով զգույշ բացվելը շատ կարեւոր է:
Քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ եւ տրանսպորտային-լոգիստիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը նկատում է, որ նախարարը, խոսելով ՀՆԱ-ի 30 տոկոս աճի մասին, հղում է անում ԱԶԲ-ի (Ասիական զարգացման բանկ) հետազոտություններին՝ մոռանալով նշել, որ դրանք արվել են 2008 թվականին՝ հայտնի ֆուտբոլային դիվանագիտության շրջանում:
«Հատկանշական է, որ երբ ուսումնասիրում ես այդ հետազոտությունը, ապա տեսնում ես, որ ապաշրջափակման սցենարը խարսխված է «Կարս-Գյումրի» երկաթուղու վերաբացման հեռանկարի վրա՝ մի նախագծի, որը պաշտոնական Երեւանի, Բաքվի եւ Անկարայի օրակարգերում իսպառ բացակայում է: Այս նախագծի բացակայության պարագայում այն կանխատեսումը, որը կատարվում է միջազգային կառույցներում, նպատակահարմար չէ ու ֆրագմենտալ մոտեցման դրսեւորում է»,- բացատրում է Դավթյանը։
Նա կարծում է, որ Անկարան դրա փոխարեն ցանկանում է առաջ տանել «Արեւելք-Արեւմուտք» նախագիծը՝ փորձելով գործարկել այժմ կառուցվող «Իգդիր-Կարս-Նախիջեւան» երկաթուղին: Ակնհայտ է, որ սա լինելու է «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու շարունակությունը, եւ այսպիսով տրասնպաորտային օղակը Հայաստանի շուրջ պարզապես սեղմվելու է:
Սյունիքյան վերջին դեպքերը Դավթյանի կարծիքով, միանշանակ, կարելի է համարել տրանսպորտային օղակի սեղմում: Աշխարհաքաղաքականության, գեոէկոնոմիկայի մեջ կա, այսպես կոչված, անակոնդայի մեթոդ, որը ենթադրում է հառակորդի, թշնամու տրանսպորտային շրջափակում, օղակի սեղմում, դրա հետեւանքով՝ տնտեսական պարալիզացում։ Այն, ինչն անում են այսօր Բաքուն ու Անկարան, տեղավորվում է հենց այս մեթոդի տրամաբանության մեջ:
Սյունիքյան սցենարի իրագործումը լրջագույն խնդիրներ է ստեղծելու Իրանի համար, ինչպես նաեւ հայ-իրանական այն առանցքային տնտեսական նախաձեռնությունների կյանքի կոչման, որոշ դեպքերում՝ շահագործման համար, որը մենք այս տարիներին ունեցել ենք:
Խոսքը ե՛ւ Իրան-Հայաստան գազամուղի հարցականի տակ հայտնվելու մասին է (որովհետեւ ակնհայտ է, որ այս ռազմավարությունն ուղղված է նաեւ Իրանի էներգետիկ առաջխաղացումը զսպելուն), ե՛ւ Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքի կառուցման աշխատանքների, որոնք առանց այդ էլ իրականացվում են չափազանց դանդաղ տեմպերով։ Հաշվի առնելով այն, որ հայ-իրանական տնտեսական լոգիստիկ կապերում Ադրբեջանը սկսում է ստանձնել հստակ դերակատարում, Իրանի համար այս ուղղությունը եւս կարող է հարցականի տակ դրվել: Հարցականի տակ կարող է դրվել նաեւ Ազատ տնտեսական գոտու հետագա ճակատագիրը եւ այլն:
Սրանք հենց այն նախագծերն են, որոնց վրա խարսխված են հայ-իրանական հարաբերությունները: Այն, ինչին մենք հետեւում ենք, մեծ հարված է հայ-իրանական օրակարգին, ու պատահական չէ, որ այդ առումով պաշտոնական Թեհրանը մտահոգություն հայտնեց:
Դատելով այս օրերին հնչած եւ մինչ այդ արված հայտարարություններից` Իրանը բավականին անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակով։ Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը կոչ արեց կողմերին՝ խաղաղ ճանապարհով լուծելու խնդիրները:
Այս հայտարարություններին հաջորդեց Իրանի ԱԺ ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության մշտական հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրիի հայտարարությունը, որն ավելի կոշտ հռետորաբանություն էր պարունակում Ադրբեջանի դեմ` հայկական սահմանը խախտելու եւ դրա հետեւանքների վերաբերյալ։
Նշենք, որ Զոլնուրին, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին եւ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ տարածք ներխուժելու դեպքին՝ հայտարարել է, որ Իրանը տարածաշրջանում չի ընդունում որեւէ փոփոխություն, եւ տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը պետք է պահպանել:
Երեւանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի դասախոս, իրանագետ Գարիկ Միսակյանը կարծում է, որ սյունիքյան դեպքերի հնարավոր վնասներն արդեն իսկ նկատվում են, որովհետեւ բավականին դժվարացել է ապրանքաշրջանառությունը Հայաստանի ու Իրանի միջեւ, եւ ավելորդ լարվածություն է ստեղծվել այդ հարաբերություններում:
«Նախ Ադրբեջանն այս քայլով նպատակ է հետապնդում խոչընդոտելու հայ-իրանական ցամաքային սահմանի բնականոն կյանքը, վնասելու ապրանքաշրջանառությանը եւ թուլացնելու Հայաստանի հարավային դարպասների կարեւորությունը: Նաեւ փորձ է արվում «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված ճնշում գործադրել Հայաստանի վրա եւ հասնել նրան, որ իրանական կողմն այդ միջանցքի հարցում չեզոքություն պահպանի»,- ասում է Միսակյանը:
Այս քայլով ադրբեջանական կողմը փորձ է անում ցույց տալու Իրանին, որ նույնիսկ այդ միջանցքի չգործարկվելու դեպքում կա իրանական առեւտրատնտեսական հարաբերությունները խոչընդոտելու գործիքակազմ։
Փորձագետը կանխատեսում է՝ եթե այսպես շարունակվի, ու չլուծվեն տարածաշրջանային եւ անվտանգային խնդիրները, ապա լուրջ վնաս կհասցվի Հայաստանի տնտեսությանն ու անվտանգությանը:
Այսպիսով՝ պետք է փաստել, որ հայ-իրանական տնտեսական երկխոսության տիրույթում Ադրբեջանը հստակ դերակատարում է ձեռք բերում, մասնավորապես վերջին զարգացումների համատեքստում: