Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանն իր մտահոգությունն է հայտնել Իրանը Հայաստանին կապող ենթակառուցվածքների օգտագործման շուրջ ծագած խնդիրների վերաբերյալ:
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հավաստիացրել է, որ ՀՀ-ն գիտակցում է Իրանի համար հարցի զգայուն լինելը եւ կարեւորում խնդրի արագ լուծումը։
Արձանագրելով հայ-իրանական հարաբերությունների կարեւորությունը՝ կողմերն ընդգծել են, որ բարձր եւ բարձրագույն մակարդակով հանդիպումների ինտենսիվությունը վկայում է երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման եւ արդյունավետ փոխգործակցության մասին:
Դեսպան Զոհուրին նկատել է, որ հայ-իրանական հարաբերությունները համագործակցության հաջող մոդել են, որոնք նկատելի որակական փոփոխության են ենթարկվել վերջին տարիներին: Երկուստեք շեշտվել է առեւտրաշրջանառության բարձր մակարդակը, որն այս տարվա ընթացքում զգալիորեն աճել է:
Հնդկաստանից Սեւ ծով բեռնափոխադրումների հարցով երկուստեք շեշտվել է Իրանի Չաբահար նավահանգստի կարեւորությունը, եւ արձանագրվել է, որ Հայաստանն այդ ճանապարհին կարեւոր օղակ է:
Կողմերը քննարկել են երկու երկրների միջեւ անվտանգային, տնտեսական, էներգետիկ համագործակցության ակտիվացմանը վերաբերող հարցեր:
Գորիս-Կապան ավտոմայրուղում ադրբեջանցի զինված ծառայողները օրեր առաջ Որոտանի հատվածում տեղակայված հսկիչ կետում սկսել են կանգնեցնել իրանական բեռնատարների վարորդներին, ստուգել փաստաթղթերը, գումար պահանջել` հիմնավորելով, որ իրենց երկրի տարածք մուտք գործելու համար պետք է հարկ վճարեն։ Իրանցի երկու վարորդ ձերբակալվել է:
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն նախորդ կիրակի հայտարարել է, որ ԻԻՀ-ն պահանջում է անհապաղ ազատ արձակել վարորդներին, ինչպես նաեւ հանդիպում կազմակերպել պաշտոնատար անձանց հետ՝ խնդրին լուծում տալու համար: