Ըստ Associated Press-ի՝ Աֆղանստանում իշխանությունը վերցրած «Թալիբան» շարժումը խնդրել է իրեն հնարավորություն տալ հանդես գալու Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովում:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը նամակ է ստացել թալիբների ներկայացուցիչ Ամիր Խան Մութաքիից, որը մասնակցություն է խնդրել բարձր մակարդակի բանավեճերին:
Դյուժարիկը մանրամասնել է, որ նամակն ուղարկվել է սեպտեմբերի 20-ի նստաշրջանի սկսվելուց մեկ օր առաջ, Մութաքին էլ նամակում նշվել է որպես արտաքին գործերի նախարար:
Մութաքին նամակում գրել է, թե Աֆղանստանի նախկին նախագահ Աշրաֆ Ղանին տապալվել է օգոստոսի 15-ին, եւ ամբողջ աշխարհը նրան այլեւս նախագահ չի ճանաչում: Այդ կապակցությամբ նախորդ կառավարության կողմից նշանակված Աֆղանստանի մշտական ներկայացուցիչ Ղուլամ Իսակզայն այլեւս երկիրը չի ներկայացնում ՄԱԿ-ում:
Նամակում չի ճշտվել՝ Մութաքին ցանկանում է ելույթ ունենալու համար անձամբ Նյու Յո՞րք մեկնել, թե՞ թալիբները ներկայացնելու են տեսագրված ուղերձը:
Դյուժարիկը հայտնել է, որ Գուտերեշը սեպտեմբերի 15-ին Իսակզայից առանձին նամակ է ստացել նստաշրջանին Աֆղանստանի պատվիրակության մասնակիցների ցանկով: Նամակում Իսակզայը նշվել է որպես Աֆղանստանի մշտական ներկայացուցիչ։